Մարտի 14-ին Եվրասիա միջազգային համալսարանում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած մաս-ռեսթլինգի միջբուհական առաջնությունը, որին մասնակցում էր 88 ուսանող 12 բուհից։ Այս տարի աղջիկները տասն էին, որոնք մրցեցին չորս քաշային կարգում։ Հայաստանի մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահ Արտավազդ Նալբանդյանի խոսքով, պատմության մեջ առաջին անգամ ուսանողական առաջնությանը մասնակցեցին հաշմանդամություն ունեցող երկու մարզիկ։ Հաղթողը՝ բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն Նարեկ Առաքելյանը, իր ուժերը փորձեց նաեւ նույն քաշային կարգում հանդես եկող այլ մարզիկների հետ եւ դարձավ օրվա հերոսը։

«Երբ Նարեկն առաջին անգամ մասնակցեց Հայաստանի մաս-ռեսթլինգի առաջնությանը, 2019 թվականին՝ աշխարհի գավաթի առաջնության կոնֆերանսի ժամանակ, ես՝ որպես Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչ եւ Մաս-ռեսթլինգի միջազգային ֆեդերացիայի կառավարման մարմնի անդամ, առաջարկեցի հաշմանդամություն ունեցողների պարտադիր քաշային կարգեր ավելացնել։ Արդեն պատրաստ են տարբեր խնդիրներ ունեցող մարզիկների համար մասնակցության կանոնակարգը, քաշային կարգերն ու խմբերը։ Նարեկի հաջողությունները խթանում են, որ ուրիշ հայացքով նայենք հաշմանդամության խնդրին եւ Հայաստանում ավելացնենք նման մրցույթները»,- հպարտությամբ նշեց Արտավազդ Նալբանդյանը՝ հավելելով, որ Նարեկի օրինակը «կստիպի» աշխարհին հաշմանդամություն ունեցողների մաս-ռեսթլինգի առաջնություն կազմակերպել եւ անցկացնել:

Այս տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից առաջնությանը մասնակցում էր 7 հոգի թե՛ բակալավրի, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերից։ Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը 80 կգ քաշային կարգում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ ՃԿՊԱ շրջանավարտ, ակադեմիական թիավարության Հայաստանի փոխչեմպիոն Աշոտ Հովհաննիսյանը՝ երկրորդ տեղը մինչեւ 95 կգ քաշային կարգում։ Իսկ ՃԿՊԱ-ն շնորհակալագիր է ստացել առաջնության ակցկացմանն աջակցելու համար:

ՃԿՊԱ թիմի ղեկավար, ֆիզդաստիարակության դասախոս Աննա Նասիլյանը գոհ էր հատկապես քոլեջի ուսանողներից։ «Փորձ ունենալու դեպքում մասնակիցների 80 տոկոսն ավելի լավ արդյունք ցույց կտար, շատերն առաջին անգամ էին հարթակ դուրս գալիս։ Մեր տղաները հավանեցին մարզաձեւը եւ առաջիկա տարին կաշխատեն իրենց տեխնիկան զարգացնելու ուղղությամբ։ Ամենակարեւորն այն էր, որ ամբողջ թիմը միասնական էր, բոլորը գոտեպնդում էին միմյանց։ Թեեւ մարզաձեւն անհատական է, բայց թիմային մտածելակերպ ու պատասխանատվություն է ձեւավորում»,- ասաց դասախոսը։

Մայիսին նախատեսվում է Հայաստանի մաս-ռեսթլինգի առաջնություն, որի հաղթողներից կձեւավորվի ազգային հավաքականը՝ Եվրոպայի եւ աշխարհի մրցումներին ընդառաջ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ