Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները կատարելագործելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ եւ կազմակերպում վերապատրաստումներ: 2021 թվականի պլանի համաձայն,  կկազմակերպվի 86 դասընթաց եւ սեմինար, որոնցից 22-ը՝ արտագնա. Երեւանի մետրոպոլիտենում, Երեւանի եւ մարզերի տարբեր կրթական հաստատություններում, համայնքապետարաններում:

2021 թվականի փետրվարին կազմակերպվել է 7 պլանային դասընթաց (որից մեկը՝ արտագնա՝ Երեւանի մետրոպոլիտենում) եւ մեկ արտապլանային եւ արտագնա դասընթաց՝ պետեկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում:

Դասընթացներին մասնակցել է 176 ունկնդիր՝ նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, հանրակրթական դպրոցների ուսուցիչներ, պետական գերատեսչությունների աշխատակազմերի քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ եւ այլն:

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցեր», «Աղետների ռիսկի կառավարում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ