Մարտի երեքին եւ չորսին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները անցկացրել են վերապատրաստման արտապլանային եւ արտագնա երկու դասընթաց:

Դասընթացներից մեկն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող «NATIONAL INSTRUMENTS ARMENIA» ընկերությունում՝ վերջինիս խնդրանքով: Մասնակցել է ընկերության 20 աշխատակից: Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը խոսել է երկրաշարժին պատրաստ լինելու կարեւորությունից՝ ճիշտ վարքականոն, տարհանման ուղիների, ելքերի ազատ հասանելիություն, աշխատակիցների իրազեկվածության բարձրացում եւ այլն:

Ֆակուլտետի դասախոսներ Սիրուշ Հովհաննիսյանն ու Հասմիկ Հարությունյանը մարտի 4-ին «Երկրաշարժի դեպքում տարհանման կազմակերպում» թեմայով վերապատրաստում են անցկացրել «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուսումնա-սպորտային համալիրում: ՃԿՊԱ-ն եւ ուսումնա-սպորտային համալիրը համագործակցության հուշագիր են ստորագրել 10 օր առաջ՝ 2021 թվականի փետրվարի 23-ին: Հուշագրի համաձայն, ակադեմիան համալիրում կկազմակերպի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ. տարաբնույթ վտանգներից անվտանգության թեմաներով դասընթացներ, տարհանման, պատսպարման գործնական վարժանքներ, ուսուցիչների եւ աշակերտների համար անվտանգության մշակույթի զարգացմանն ուղղված տարաբնույթ միջոցառումներ, ԱՌՆ կրթության թեմայով նյութերի (դասագրքեր, մեթոդական աշխատանքներ, հուշաթերթեր, տեսանյութեր եւ այլն) տրամադրում, ԱՌՆ անկյունի ստեղծման աշխատանքներին օժանդակում եւ այլն: Մարտի 4-ի դասընթացը շարքի առաջին միջոցառումն էր: Մասնակցել է ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի 25 ուսուցիչ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ