ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության եւ Եվրոպական միության «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու, Շվեդիայի արտակարգ իրավիճակների գործակալության (MSB) ներկայացուցիչ Ջոն Անդերսենի պայմանավորվածության համաձայն, այսօր ՃԿՊԱ-ում անցկացվեց Ջոն Անդերսենի առաջին դասախոսությունը՝ ՃԿՊԱ «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության ուսանողների համար: Բանախոսը ներկայացրեց աղետների ռիսկի կառավարման շվեդական փորձն ու մոդելը: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի» համագործակցության հուշագրի համաձայն, շվեդ փորձագետի զեկույցին ներկա էր նաեւ ֆիզկուլտ ինստիտուտի դասախոսներից Արմեն Հակոբյանը:

Այսօր MSB-ը երկրի ներսում եւ դրսում ակտիվ աշխատող կառույց է, իսկ միջագային առաջին արձագանքը եղել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո: Շվեդիայում էլ ԱՌԿ քայլերը երեք փուլի են բաժանում. աղետից առաջ, ընթացքում, հետո, պնդում են, որ կարեւոր է «Աղետից առաջ»՝ կանխարգելման, փուլին նախապատվությունը տալը, որ նվազեն աղետի բերած վնասները, իսկ «Աղետից հետո»՝ վերականգնման փուլում դասեր քաղել եւ կատարելագործել «Աղետից առաջ» փուլի կարողություններն ու ունակությունները:

Շվեդիայում կա 15 500 փրկարար, որից միայն 5000-ն է լրիվ դրույքով աշխատում, հիմնական մասը՝ կես դրույքով, կան նաեւ կամավորներ: Բոլորն էլ աշխատում են նույն սկզբունքներով եւ առաջնահերթություններով. փրկել կյանքեր, փրկել կենսական նշանակության ենթակառուցվածքներ, փրկել մարդկանց գույքը: Շվեդիայում մեծ տեղ ունի տեղական՝ համայնքների մակարդակում ռիսկերի կառավարումը, իսկ «Հյուսիսային համագործակցություն» անդրսահմանային համաձայնագրով Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան պայմանավորվել են. առաջինը աղետի գոտի է շտապում ամենամոտ փրկարարական ջոկատը՝ անգամ եթե աղետյալ համայնքը մի երկրում է, ջոկատը՝ հարեւան:

Շվեդիայում վտանգների եւ խոցելիության գնահատում է արվում երկու մակարդակում՝ տեղական չորս տարին մեկ եւ ազգային՝ երկու տարին մեկ: Ըստ այս զեկույցների էլ ռազմավարական որոշումներ են ընդունվում եւ մշակվում-կատարելագործվում է բնակչության եւ տարածքների պաշտպանության համակարգը: Գումարած սրան տարեկան 350 հազար քաղաքացի է վերապատրաստվում առաջին օգնության եւ ճգնաժամային կառավարմանն առնչվող այլ թեմաներով, 20 հազար հրշեջ անվտանգության տեսուչ ստուգում են բնակելի, վարչական, բիզնես կենտրոնների շենքերի հակահրդեհային համակարգերը: Ջոն Անդերսենը վստահ է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում  հաջողության հասնելու համար պետք է առաջնորդվել «Ոչ թե ասել ինչ անի, այլ՝ ինչ արդյունք ստանա» սկզբունքով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ