Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հանդիսավոր պայմաններում իրենց դիպլոմները ստացան ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 2020-2021 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրի շրջանավարտները՝ 17 հոգի: Դիպլոմները հանձնեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Մագիստրոսներին շնորհավորեցին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, բուհի խորհրդի նախագահ, ԱԻ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, նախարար Անդրանիկ Փիլոյանը: «Դուք վտանգելու եք ձեր կյանքը, ուրիշի կյանքը փրկելու համար», — նկատեց Արմեն Փամբուխչյանը: Համլետ Մաթեւոսյանը հույս հայտնեց, որ մագիստրոսները կդառնան ոլորտի գիտական հետազոտությունների հեղինակներ, ինչի հնարավորությունը կա նաեւ ակադեմիայում: Իսկ ԱԻ նախարարն էլ ասաց. «Դինամիկ զարգացող այս աշխարհում ամենաուժեղ զենքը գիտելիքն է: Վստահ եմ, որ դուք սա գիտեք եւ գիտեք նաեւ, որ հատկապես մեր դեպքում դա աշխարհում արժանապատիվ, ուժեղ եւ զարգացած երկիր ունենալու միակ ճանապարհն է: Ուզում եմ երբեւէ չբավարարվեք ձեր ձեռք բերած գիտելիքով՝ լինեք փրկարար, թե զինվոր, շարքային թե սպա, կրտսեր մասնագետ, թե գլխավոր: Երբեք չմոռանաք, որ ձեր ուժը բխում է ձեր գիտելիքից, իսկ յուրաքանչյուր պետություն եւ ժողովուրդ ձգտում է ուժեղանալ: Ուսման մեջ ձեր ձեռքբերումներն այսօր ավելի քան անհրաժեշտ են մեր հայրենիքին վերականգնման, շենացման համար»:

Իսկ որ ՃԿՊԱ շրջանավարտները մրցունակ եւ որակյալ մասնագետներ են՝ վիճակագրությունն է փաստում: Այսօր դիպլոմ ստացած 17 մագիստրոսից 9-ն աշխատում է ԱԻՆ համակարգում, երեքը՝ պաշտպանության նախարարության համակարգում, երկուսը՝ միջազգային կազմակերպություններում, մեկը՝ մասնավոր ընկերությունում: Մինչ օրս ակադեմիան տվել է 2500 շրջանավարտ (միջին մասնագիտական կրթական ծրագիր, բակալավր, մագիստրոս), որից մոտ 300-ը՝ մագիստրոս, որոնց մեծ մասն աշխատում են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում: Բազմաթիվ շրջանավարտներ էլ աշխատում են զիված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության տարբեր ստորաբաժանումներում:

Դիպլոմ ստանալուց հետո մագիստրոսները երդվեցին. «Ստանալով արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի մասնագետի բարձր կոչումը եւ անցնելով փրկարարի համամարդկային գործունեության, երդվում եմ.

Բարեխղճորեն եւ պատասխանատվությամբ կատարել պարտականություններս,

Անշահախնդրորեն կազմակերպել տուժածների փրկման աշխատանքները՝ անկախ ազգությունից, քաղաքական հայացքներից, կրոնական դավանանքից,

Հնարավորինս ամեն ինչ անել աղետների կանխման եւ կանխարգելման համար,

Ամբողջ ուժով օժանդակել արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի զարգացմանը,

Պահպանել փրկարարի մասնագիտական ավանդույթը, բարոյական նկարագիրը եւ բարձր պատիվը,

Երդվում եմ ամբողջ կյանքում հավատարիմ մնալ այս երդմանը:

Երդվում եմ»:

Իսկ բոլոր մագիստրոսների անունից ներկայացված շնորհակալական խոսքում կարեւորվեց որակյալ, կայուն արժեհամակարգ ունեցող մասնագետի անհրաժեշտությունը, ինչը երկրի սոցիալ-տնտեսական, հասարակական եւ այլ ոլորտներում զարգացման նախապայման է. «գիտակցում ենք մեր մասնագիտության կարեւորությունը, բայց հուսանք մեր կարիքը այնքան էլ չի լինի: Ապրենք խաղաղ եւ ապահով երկրում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ