Փետրվարի 26-ին կայացել է ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության հաշվետու ժողովը: Ներկայացվել է կազմակերպության 2020թ. արհկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքները և նախանշվել առաջիկա անելիքները:

Ընտրական ժողովին մասնակցել են ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը և արհմիության պատվիրակները:

«Տարին դժվարություններով և փոփոխություններով լի ժամանակաշրջան էր: Արհմիությունը սոցիալական ինստիտուտ է և դրա լիարժեք գործունեության պարագայում մենք աշխատել ենք լինել կամայականություններից առավել պաշտպանված և աշխատել ենք հնարավորինս արդյունավետ»,- իր բացման խոսքում ընդգծել է արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:

Ըստ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփման՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ արհկոմի դրամական փաստացի մուտքը կազմել է քսաներկու միլիոն յոթ հարյուր հինգ հազար երկու հարյուր դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ տասնմեկ միլիոն հինգ հարյուր ութսուն հազար վեց հարյուր դրամ:

Նշվել է, որ կանխատեսվող անդամավճարների պակաս հավաքագրումը կապված է Ռազմական դրության հետ՝ 3 ամսվա գումարը փոխանցվել է զինվորական ծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Արհմիության միջոցներից 2020թ. օգտվել են 1898 շահառու: Անդամների համար էքսկուրսիաներ, տարբեր միջոցառումներ չեն կազմակերպվել՝ Կովիդ-19 սահմանափակումներով և Արցախյան պատերազմով պայմանավորված: Իրականացվել է դրամական օգնություն՝ արհկոմին դիմած ԱԻՆ աշխատակիցների համար, առողջական բուժման կազմակերպում՝ Սևանի «Արևիկ» առողջարանում և այլ աջակցության ծրագրեր:

Ժողովում հաստատվել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմին ԱԻՆ համակարգից մասնակցած և վիրավորում ստացած անձանց Ֆինանսական աջակցություն տրամադրելու արհկոմի առաջարկությունը:

Ելույթներով հանդես են եկել տարբեր ստորաբաժանումներից պատվիրակներ՝ արտահայտելով իրենց գոհունակությունը, առարկայական քննարկումներ են եղել առկա բացթողումների շուրջ, հնչեցվել են առաջարկներ:
Ժողովի ավարտին, ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատվել են բավարար: