ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները կուրսղեկ Աննա Ենգիբարյանի հետ փետրվարի տասին եղան Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում:

Մեծանուն հայ բանաստեղծուհին իր կտակով պահանջել է, որ բնակարանի ընդունարանը, ննջարան-աշխատասենյակը եւ հյուրասենյակը թողնվեն նույնությամբ՝ ոչինչ չավելացնելով եւ ոչինչ չպակասեցնելով։ Նա իր ձեռքով է կահավորել, տեղադրել ցուցանմուշները, տվել բացատրությունները։

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան ցուցասրահի առաջին հատվածում ներկայացված Վանից բերված մասունքներին՝ կավե պուտուկ, մետաղյա տաշտակ, որի մեջ լողացել է եւ՛ նորածին բանաստեղծուհին, եւ՛ նրա որդին՝ Արա Շիրազը, տատի գործած կարպետ ու գունագեղ գուլպաներ եւ այլն։

Առանձնակի ուշադրությամբ ծանոթացան երկրորդ ցուցափեղկում դրված այն նվերներին, որոնք Կապուտիկյանը ստացել է անվանի մարդկանցից։ Թանկ նմուշներից է հատկապես Սիամանթոյի գրիչը, որը 1963 թվականին Փարիզում Կապուտիկյանին նվիրել է պոետի քույրը։ Ցուցադրությունն ավարտվում է Ավետիք Իսահակյանի, Վազգեն Ա վեհափառի, Պարույր Սեւակի, Բելլա Ախմադուլինայի եւ այլ ժամանակակիցներից ստացված հուշանվերներով։

Սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին,որի բրոնզաձույլը դրված է Կոմիտասի անվան պանթեոնում: