Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ԱԻ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը: Կադրային վերջին փոփոխություններից հետո նա է համակարգում ՃԿՊԱ գործունեությունը:

Ակադեմիայի տարածքին եւ տեխնիկական հագեցվածությանը ծանոթանալուց հետո, փոխնախարարը զրուցեց ակադեմիայի ղեկավարության հետ: «Հիացած եմ», — տեսածից տպավորությունը մեկ բառով ներկայացրեց փոխնախարարը: Ակադեմիայի ղեկավարության խոսքով, վաղուց անցել են մարդու ֆիզիկական ուժով որոնողա-փրկարարական ծանր աշխատանքներ կատարելու ժամանակները, պետք է զարկ տալ փրկարարական տեխնոլոգիաների զարգացմանը՝ անօդաչուներ, ռոբոտտեխնիկա, փլատակների ներսը «տեսնող» սարքեր, հաստ բետոնե պատը կտրող գործիքներ, շերտային (GIS) քարտեզներ եւ այլն: Այս գործիքներից ակադեմիան ունի, սրանցով աշխատել են սովորում ակադեմիայի ուսանողներն ու ակադեմիայում վերապատրաստվող փրկարարները: Բայց օրեցօր զարգացող տեխնոլոգիաները թույլ են տալիս նոր ու ավելի արդյունավետ գործիքներ ունենալ: Ուստի հարկ է մշտապես զարգանալ ու կատարելագործվել: Ամեն ինչ արվելու է եղածը զարգացնելու համար, հավաստիացրեց փոխնախարարը:

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՎԱՀՐԱՄ ԱՎՈՅԱՆԻ