Ինչպես Հայաստանի շատ բուհերում, այնպես էլ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում պատերազմի օրերին ուսանողությունն արագ ինքնակազմակերպվեց եւ ներառվեց թիկունքի աշխատանքներում։

ՃԿՊԱ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի հինգերորդ օրվանից սկսած, ակադեմիայի բակում մեկնարկեց հումանիտար օգնության հավաքման աշխատանքը։ Տեղեկությունը տարածվել էր ֆեյսբուքյան խոշոր լսարան ունեցող խմբերի միջոցով, եղել էին բազմաթիվ արձագանքներ։ Ակադեմիայի հատկացրած եւ անձնական մեքենաներով Արցախից տարհանված մոտ 15 ընտանիքի հասցվել է հագուստ, տարբեր համայնքներում հանգրվանած եւս 10 ընտանիքի՝ սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ։

Արտակարգ իրավիճակների նախարարության բազայում, որտեղ հավաքվում էր ամբողջ հումանիտար օգնությունը, 20 օր շարունակ ՃԿՊԱ ուսխորհդի 40 անդամ հերթափոխով կատարել են բեռնաթափման, տեսակավորման եւ փաթեթավորման աշխատանքներ։ Նրանց թվում եղել են նաեւ աղջիկներ, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ են եղել ցուցաբերելու առաջին օգնություն։ Կոտայքի մարզում ադրբեջանական անօդաչու սարքի խոցումից հետո կազմակերպվել են առանձին խմբերի եւ բնակիչների հետ հանդիպումներ՝ անվտանգության եւ պաշտպանության թեմաներով։

Ամբողջ ընթացքում կապ է պահվել այն ուսանողների հետ, որոնք ռազմաճակատում էին։ Ուսխորհուրդը բարձրացրել էր նրանց ընտանիքներին աջակցության խնդիրը։ Սրանք հրատապ լուծում պահանջող հարցեր են, քանի որ կան զոհվածներ, վիրավորներ ու անհետ կորածներ, որոշ ուսանողներ դեռ հերթափոխի մեջ են:

Սերտ համագործակցություն էր հաստատվել միջազգային լրատվամիջոցներում Արցախյան պատերազմի հանրահռչակմամբ զբաղվող համացանցային խմբերի ղեկավարների հետ։ Օտար լեզուների իմացությամբ ուսանողներն ակտիվ ներգրավվել են թարգմանչական աշխատանքներում։

«Ես միշտ իմ թիմին ասել եմ, որ այս պատերազմը երեք ճակատ ունի՝ ռազմաճակատ, ինֆորմացիոն դաշտ եւ թիկունք։ Երեքն էլ մեկը մյուսից կարեւոր են։ Հաջողության հասնելու համար մենք պետք է լավ կադրեր կրթենք, պետք է լավ սովորենք եւ հավատանք Հայաստանի լուսավոր ապագային»,- ամփոփում է Արմեն Աբրահամյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ.Գ. Լուսանկարը տրամադրել է Արմեն Աբրահամյանը