Առկա վիճակով պայմանավորված, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները ուրբաթ եւ շաբաթ օրերին տարբեր հաստատություններում եւ առցանց կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ օրվա տրամաբանության մեջ տեղավորվող թեմաներով: Դասընթացներին մասնակցել է ավելի քան 200 մարդ:

Եվրասիա վարժարանի աշակերտներին է ներկայացվել «Քաղաքացիական պաշտպանություն» թեմայով դասախոսություն. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների համակարգ, բնակչության պաշտպանության ձեւեր, պարզագույն թաքստոցներ, պատսպարում, տարհանում, ազդարարման ազդանշաններ եւ այլն:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների, վարչական աշխատակիցների եւ ուսանողների համար ներկայացվել են «Քաղաքացիական պաշտպանություն» եւ «Առաջին բուժօգնություն» թեմաներով դասախոսություններ:

Ավելի քան մեկ տասնյակ լրագրողների են ներկայացվել ռազմական բախման գոտում աշխատելիս սեփական անվտանգության ապահովման հարցերը՝ անհատական պաշտպանական միջոցներ (սաղավարտ, զրահաբաճկոն եւ այլն), տեղաշարժվելու առանձնահատկություններ, հրետակոծության ժամանակ արագ կողմնորոշվելու ունակություն, իրավիճակի գնահատման կարողություն եւ այլն: