Ամիսներ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հայտարարեց, որ 2020-2021 ուսումնական տարվանից ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագրի «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Կիրառական սեյսմոլոգիա» մասնագիտություններին կավելանա եւս մեկը՝ «Ճգնաժամային իրավունք»: Մագիստրատուրա դիմեց 60 մարդ:

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին անցկացվեց մագիստրատուրայի ընդունելության հարցազրույցը: Դիմորդ Իլոնա Բադավիձեն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան, աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայությունում: «Տեղեկանալով, որ այժմ Հայաստանում հնարավոր է ուսումնասիրել «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությունը, որոշեցի օգտվել այդ հնարավորությունից, ավելի օգտակար լինել մեր պետությանը», — մեզ հետ զրույցում ասաց Իլոնան: Դիմորդներից մեկն էլ շինարար Թադեւոսյան Վահեն է: Որոշել է խորանալ «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության մեջ, ոչ միայն կրթության հարթությունում մեկ աստիճանով բարձրանալու համար: «Ունեմ եւ երեւակայություն եւ ճկուն մտածողություն եւ կարող եմ իմ մտահաղացումներով օգտակար լինել իմ պետությանը», — ասաց Վահեն:

Ընդունելության արդյունքը գոհացուցիչ է. արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մագիստրատուրայի բոլոր խմբերը ձեւավորված են:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ