ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջարկով, ԱԻ նախարարը դիմել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարին՝ ՃԿՊԱ-ում մագիստրոսի կրթական ծրագրով «Ճգնաժամային իրավունք» մասնագիտությամբ մասնագետներ պատրաստելու թույտվություն ստանալու խնդրանքով: Թույլտվությունն արդեն կա. ՃԿՊԱ մագիստրոսի կրթական ծրագրում ավելացավ եւս մեկ մասնագիտություն: Ակադեմիան 2007 թվականից իրականացնում է մագիստրոսի կրթական ծրագիր երեք մասնագիտության գծով՝ «Կառավարում (Ճգնաժամային կառավարում)», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)», «Հոգեբանություն»:

Այս մասնագիտությունների կրթական ծրագիրը հեռակա է եւ երկու տարի: «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության ուսման տեւողությունը 1,5 տարի է եւ առկա: Դասերը կկազմակերպվեն օրվա երկրորդ կեսին եւ այնպես, որ աշխատող մասնագետները հնարավորություն ունենան սովորել առանց աշխատանքից կտրվելու:

Ըստ ՃԿՊԱ ղեկավարության, «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության անհրաժեշտությունը պայմանավորված է ճգնաժամերի կանխման, կանխարգելման եւ դրանց ծագման դեպքում հետեւանքների վերացման իրավական կարգավորմամբ: Ճգնաժամային իրավունքը դեռեւս ձեւավորվող նոր ոլորտ է Հայաստանի համար: Այլ երկրներում արդեն կայացած է եւ ներառում է պետական, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, քաղաքացիների, ինչպես նաեւ մասնավոր-պետություն տարաբնույթ հարաբերությունների ոլորտներ։

ՃԿՊԱ-ն շարունակում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը մագիստրոսի կրթական ծրագրով, նաեւ «Ճգնաժամային իրավունք» մասնագիտության գծով: Մանրամասների համար զանգահարել (060) 69 10 00 (203 կամ 208)