Ընթերցողի սեղանին դրվեց «Ճգնաժա­մային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտա­կան հանդեսի հերթական համարը՝ «Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովի նյութերով:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը 2019 թվականի վերջում որոշեց 2020 թվականի ապրիլի 22-ին, 23-ին Երեւանում անցկացնել «Աղետների հոգեբանություն» միջազգային գիտաժողով եւ նյութերը հրատարակել «Ճգնաժա­մային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտա­կան հանդեսում:

COVID-19 կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, որոշվեց գիտաժողովը հետաձգել եւ կազմակերպել նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում՝ անհրաժեշտության դեպքում առցանց, իսկ ներկայացված հոդվածները հրատարակել ժամանակին: Ստացված հոդվածներից հանդեսի խմբագրական խորհուրդն ընտրել է 52 հողինակի 34 հոդված, որից 4 հոդված (8 հեղինակ) Ռուսաստանից, մեկ հոդված (մեկ հեղինակ) Ճապոնիայից, մեկ հոդված (մեկ հեղինակ) ԱՄՆ-ից, 13 հոդված (16 հեղինակ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, մնացածը՝ այլ բուհերից ու կազմակերպություններից: Հանդեսում տպագրվում է միայն երաշխավորված եւ գրախոսված հոդված, որը հնարավորինս բացառում է գրագողութ­յունն ու նպաս­տում ակադեմիական ազնվությանն ու օբյեկտի­վութ­յանը:

«Աղետների հոգեբանություն» խորագրով միջազգային գիտաժողովին ներկայացված բոլոր հոդվածներն էլ հետաքրքրական են եւ նրանցում ներկայացված են տարբեր բնագավառների տարբեր խնդիրներ: Օրինակ՝ հեղինակներից մեկը փաստում է, որ օրգանական նյութերի այրումից առաջացող թունավոր արգասիքների ազդեցությունը մեծ է մարդկանց հոգեբանության վրա, մեկ այլ հեղինակ խոսում է արտակարգ իրավիճակներում, կամ ակտիվ մարտական գործողությունների ժամանակ հոգեկան խեղումներ ստացած անձանց սոցիալական ադապտացիայի եւ պատերազմի մասնակիցների հոգեկան առողջության վերականգնման խնդիրների մասին, մյուսն՝ ուսումնասիրել է «COVID-19» նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի պայմաններում Հայաստանի եւ Ռուսաստանի ուսանողների տագնապի մակարդակը եւ նշում է, որ տվյալ ուսումնասիրության շրջանակներում չի հաստատվել այն վարկածը, թե արտակարգ իրավիճակներին հարմարվելու պայմաններում փոխկապակցվածություն կա իրավիճակային եւ անձնային տագնապների միջեւ։ Երկրորդ վարկածով՝ հաստատվել է, որ ինքնամեկուսացումը նվազեցնում է անձնային տագնապի մակարդակը։ Որոշ  հեղինակներ էլ այն կարծիքին են, որ անհրաժեշտ է բնակչությանն իրազեկել արտակարգ իրավիճակներում մարդու վարքի հոգեբա­նական հիմունքների եւ բնակչության վարքի կանոնների մասին: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաեւ պատմահոգեբանական գործոնների եւ Հայաստանի բազմադարյան պատմության ընթացքում Օսմանյան կայսրությունում Հայոց Մեծ եղեռնի ազդեցությունը հայերի ազգային մտածողության ձեւավորման վրա հոդվածը:

Բազմաթիվ հոդվածներ էլ նվիրված են փրկարարի մասնագիտական գործունեությանը: Ուշագրավ է հեղինակներից մեկի բացահայտումը, որ փրկարարի մասնագիտական գործունեության մեջ մեծ դեր են խաղում ոչ միայն խառնվածքը, այլեւ ինքնագնահատականն ու ինքավստահությունը՝ դժվարին եւ ոչ սովորական իրավիճակներում գործելու համար: Մեկ այլ հեղինակ էլ առաջարկում է յոթ աստիճանի ինտեգրալ բուժման մոդել՝ ուղղված անձի կյանքի իմաստավորմանն ու հոգեբանական առողջությանը:

«Ճգնաժա­մային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտա­կան հանդեսը տեղադրված է ՃԿՊԱ կայքում՝ www.cmsa.am, տրամադրված է նաեւ Հայաստանի ազգային գրադարանին: «Ճգնաժա­մա­յին կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսը հրատարակվում է 2010 թվականից: Խմբագրա­կան խոր­հրդի կազ­մում ընդգրկված է 22 գիտնական՝ տեխնիկական, մանկավարժական, աշխարհագրական, բժշկական, երկրաբանական, սոցիոլոգիական եւ այլ գիտությունների 15 դոկտոր եւ 7 թեկնածու:

Հայկանդուխտ Ղարիբյան

ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ