Հարցազրույց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի հետ

— COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը ստիպեց դադարեցնել կամ վերանայել շատ ծրագրեր, այդ թվում՝ կրթական: Ի՞նչ փոփոխություններ եղան ՃԿՊԱ-ում:

— COVID-19 նոր կորոնավիրուսով պայմանավորված համաճարակի հետեւանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արտակարգ դրության ռեժիմի հետ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առաջնահերթություններից է համարվել ուսանողների եւ անձնակազմի անվտանգության ու առողջության պահպանումը: ՃԿՊԱ-ն անում է ամեն ինչ, որպեսզի ուսանողներն ու անձնակազմն արդյունավետորեն օգտագործեն այդ ժամանակահատվածը: Ակադեմիան կապված ստեղծված իրավիճակի հետ մարտի 17-ից սկսած ամբողջությամբ անցավ հեռավար ուսուցման, գործարկելով առցանց՝ Ակադեմիայի հեռավար ուսուցման հարթակը եւ տեղեկատվական էլեկտրոնային այլ գործիքներ կրթական ծրագրերի բոլոր մակարդակներում (միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի, հետազոտողի) ուսանողների 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի անընդահատությունն ապահովելու նպատակով: Առցանց են իրականացվում նաեւ կիսամյակային քննաշրջանն ու ամփոփիչ ատեստավորման քննությունները:

— Դժվարություններ չեղա՞ն:

— Ակադեմիայի 20 դասախոս դեռեւս 2019թ. դեկտեմբերից վերապատրաստվում էին հեռավար ուսուցման հարթակում աշխատելու համար: 2018-2019 ուսումնական տարվանից ակադեմիայում երկու դասընթաց իրականացվում էր առցանց հարթակի կիրառմամբ, որը ստեղծված իրավիճակում շատ արագ կատարելագործվեց եւ արդյունավետորեն օգտագործվում է այդ համակարգի բոլոր հնարավորությունները նաեւ արտակարգ դրության պայմաններում։ Ելնելով ստեղծված իրավիճակից մարտի սկզբներին պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների համար կարճ ժամանակում մշակվեցին ու տրամադրվեցին հարթակից օգտվելու ուղեցույցներ եւ ցուցումներ, կազմակերպվեցին դասընթացներ դասախոսների համար: Մի քիչ դժվարություն առաջացավ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք նույնպես կարողացան շատ արագ օգտվել առցանց գործիքներից եւ հաջողությամբ իրականացրեցին դասընթացը:

Ուսումնական գործընթացների հեռավար ձեւաչափով կազմակերպման առաջին օրից սկսած դասախոսները յուրաքանչյուր օրվա դասախոսությունների եւ գործնական աշխատանքների նյութերն ուղարկում էին ուսանողներին, ապահովում հետադարձ կապը՝ անցկացնելով առցանց դասախոսություններ։ Հարթակը լայն հնարավորություն է ամենատարբեր աշխատանքների կատարման համար, կարելի է տեղադրել դասախոսությունների նյութեր, սահիկներ, ներկայացումներ, լրացուցիչ գրականություն եւ տեսանյութեր, իրավիճակային խաղեր, քարտեզներ, թեստեր, մշակել հանձնարարություններ, օգտագործել հարթակում առկա գրատախտակը, հետադարձ կապով հարցումներ իրականացնել, կատարել խմբային աշխատանք, վարել ուսանողների ինքնուրույն աշխատանքները, կազմակերպել քննարկումներ, ըստ նախօրոք մշակած չափանիշների՝ գնահատել միավորներով եւ այլն։ Ակադեմիայի ամբողջ անձնակազմն անում է առավելագույնը՝ ուսումնական գործընթացը արդյունավետորեն կազմակերպելու համար:

— Փաստորեն, ՃԿՊԱ-ն հեռավար ուսուցման փորձ է կուտակել:

— Ոչ միայն ուսուցման: 2019 թվականի նոյեմբերի 12-13-ին ակադեմիան առցանց կազմակերպել է նաեւ միջազգային գիտաժողով, որին միացել են գործընկերներ՝ Ռուսաստանի Դաշնության տարբեր կազմակերպություններից: Նոր իրավիճակը հնարավորություն կտա ակտիվացնել առցանց համագործակցությունը միջազգային գործընկեր համալսարանների, գիտական, մշակութային կենտրոնների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ՝ մասնակցելու մասնագիտական վերապատրաստման հեռավար դասընթացների, պրակտիկաների, սեմինարների, գիտաժողովների եւ օգտագործելու իրենց կողմից ձեռքբերված գիտելիքները մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման համար։

Ինչպես ասացի, ակադեմիայում մայիսի 26-ից մեկնարկել են բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցման համակարգի ամփոփիչ ատեստավորման քննությունները, առցանց՝ հեռավար տեխնոլոգիաների կիրառմամբ: Առայսօր քննություններն ընթացել են առանց տեխնիկական խնդիրների եւ բացակայություններ չեն եղել:

Ամփոփելով հեռավար ուսուցման արդյունքները, կարելի է փաստել, որ ուսանողերն առավել դժվարացել են առաջին շաբաթվա ընթացքում տարբեր տեխնիկական խնդիրների պատճառով, ինչպիսիք են՝ ինտերնետի բացակայությունը, տեխնիկայի հետ կապված խնդիրները եւ այլն, որոնք կարգավորվել են մի քանի օրվա ընթացքում: Ինչպես առկա, այնպես էլ հեռակա ուսուցման համակարգերում դասացուցակով նախատեսված բոլոր դասընթացներն ընթացել են ըստ սահմանված ժամանակացույցերի: Հաջողություն եմ մաղթում ակադեմիայի անձնակազմին, բոլոր ուսանողներին, այդ թվում՝ ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցող ուսանողներին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ