Ամերիկայի միացյալ նահագների Լոս Անջելես քաղաքի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տնօրեն Արամ Սահակյանի հրավերով, 2019 թվականի դեկտեմբերի 16-21-ը, Լոս Անջելեսում էին Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետ (այժմ՝ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ), փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը:

Հայաստանի պատվիրակները հանդիպել են Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներին, որոնց մեջ եղել են նաեւ ազգությամբ հայեր: Քննարկվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության հնարավորությունը: Լոս Անջելեսն ու Երեւանը քույր քաղաքներն են, ուստի «արտակարգ» համագործակցությունը կտեղավորվի այդ տրամաբանության մեջ: Արմեն Հարությունյանի խոսքով, Լոս Անջելեսի արտակարգ իրավիճակներին արձագանքման համակարգը տարբերվում է հայկականից: Օրինակ՝ բոլոր կանչերին փրկարարներին ուղեկցում են ոստիկանները, ողջ քաղաքում ամեն 200 մետրը մեկ հիդրանտներ կան եւ կարիք չկա ունենալ ջուր տեղափոխող մեքենաներ: Արմեն Գրիգորյանն էլ հավելում է, որ հրշեջները դրսից մարում են մինչեւ 5-րդ հարկի հրդեհները, բարձրահարկ շենքերն ունեն հրդեհաշիջման ներքին համակարգ, այդ շենքերի տանիքներին կան ուղղաթիռների համար հարթակներ եւ անհրաժեշտության դեպքում ուղղաթիռ կներգրավվի փրկարարական աշխատանքներում, այդ թվում՝ տարհանման համար: Բարձրահարկ շենքերի աստիճանավանդակը չի ծխալցվում, հրակայուն է եւ հրդեհի ժամանակ հուսալի ապաստարան: Հյուրանոցների համարներում, միջանցքներում, նախասրահներում փակցված են տարհանման պլանները: Լավ կլիներ, որ բարձրահարկ շենքերի կառուցման, տեխնիկական համալրման ամերիկյան չափանիշները ընդօրինակվեն, կարծում է Արմեն Գրիգորյանը: 

Առավել մանրամասն՝ այստեղ