ՀՀ կառավարության 2015 թվականի 22 Հունվարի 46-Ն որոշմամբ հաստատվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգը: Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման հիմնական նպատակն է՝ կատարելագործել նրանց տեսական գիտելիքները եւ գործնական ունակությունները` ուղղված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, նյութական եւ մշակութային արժեքների պաշտպանությանը, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կայուն գործունեության ապահովմանը: Այս ամենն արվում է ուսումնավարժությունների, վարժանքների, դասախոսությունների, սեմինարների միջոցով:

Մինչեւ 2015 թվականը բնակչության ուսուցումը կազմակերպվում էր ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման համաձայն:

Ամեն տարի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան մշակում է սեմինարների եւ դասընթացների տարեկան պլաններ, իսկ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպում վերապատրաստումները:

2020 թվականի պլանի համաձայն, կկազմակերպվի 85 դասընթաց եւ սեմինար, որոնցից 22-ը՝ արտագնա Երեւանի մետրոպոլիտենում, Երեւանի եւ մարզերի տարբեր կրթական հաստատություններում: Դասընթացներին կմասնակցի 2000 մարդ՝ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, դասախոսներ, ուսանողներ, տարբեր կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ, տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ եւ այլք:

Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում է նախատեսվածից ավելի շատ մարդ: Մասնավորաբար.

2016 թվականին նախատեսված 1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1884 մարդ:

2017 թվականին նախատեսված  1830-ի փոխարեն վերապատրաստվել է 1941 մարդ:

2018 թվականին նախատեսված 1855-ի փոխարեն վերապատրաստվել է 2003 մարդ:

2019 թվականին նախատեսված 2000-ի փոխարեն վերապատրաստվել է 2206  մարդ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ