Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ փորձագետների խումբը՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ:

ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածությանը, ռեսուրսներին, տարվող աշխատանքների ուսումնական, գիտական ուղղություններին ծանոթանալուց հետո կազմակերպվեց քննարկում՝ արտակարգ իրավիճակներին, ճգնաժամային կառավարմանը վերաբերող օրենսդրության կատարելագործման հարցում ՃԿՊԱ հետ հնարավոր համագործակցության ձեւն ու ծավալը որոշելու նպատակով: Այսօր ՃԿՊԱ-ում սովորում է ավելի քան 1100 ուսանող, տարեկան վերապատրաստվում է ավելի քան 2000 քաղաքացիական անձ (մանկավարժ, պետական եւ համայնքային կառույցների ներկայացուցիչներ եւ այլն), մոտ 450 փրկարար, ազգային անվտանգության, ոստիկանության, բանակի ծառայողներ, հրատարակվել եւ հրատարակվում են ոլորտի խնդիրների վերաբերյալ գիտական եւ գիտամեթոդական գրքեր: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հանրապետության անվտանգային համակարգի մաս է: Ակադեմիայի ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, ոլորտի հիմնական օրենքներն են «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքները եւ եթե կատարելագործելու խնդիր է դրվում, պետք է սրանցից սկսել:

Անդրանիկ Քոչարյանը խոստացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի միջոցով մասնագետների առաջարկները հասցնել խորհրդարան, հարկ եղած դեպքում կազմակերպել խորհրդարանական լսումներ, հանրային քննարկումներ, բաց եւ փակ խորհրդակցություններ՝ հարցի առավել արդյունավետ լուծումը գտնելու նպատակով:

Այսօրինակ հանդիպումներ, արդեն ավելի շատ աշխատանքային՝ քան ճանաչողական էլի կլինեն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ