Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի եւ Ֆրանսիայի մարդկանց, գույքի եւ շրջակա միջավայրի անվտանգության խթանման ասոցիացիան Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում «Առաջին օգնության» դասընթաց էին կազմակերպել գրասենյակի աշխատակիցների համար: Նման առաջին դասընթացը կազմակերպվել էր այս տարվա հունիսի 21-ին: Երկու դասընթացի արդյունքում գրեթե բոլոր աշխատակիցները վերապատրաստվեցին: ՃԿՊԱ եւ ՄԳՇՄԱ ասոցիացյայի համագործակցությունը 25 տարվա պատմություն ունի:

Դասընթացն անցկացնում էին ՃԿՊԱ փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Հովհաննես Բադալյանն ու նույն ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հերմինե Նավասարդյանը: ԵՄ պատվիրակության գրասենյակի աշխատակիցները տեսական զեկույցների եւ գործնական պարապմունքների միջոցով ծանոթացել են անվտանգության ապահովման, առաջին օգնության, սիրտ-անոթային վերակենդանացման եւ տուժածին օգնելու այլ կարողությունների նրբություններին:
Գրասենյակի ներկայացուցչի խոսքով, միջզագային կառույցները շատ են կարեւորում անվտանգության ապահովման հարցը եւ նման դասընթացները գիտելիք եւ ունակություն ստանալու նպատակով են:

Դասընթացի մասնակիցներին վկայականներ հանձնեցին ՃԿՊԱ ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու ՄԳՇՄԱ ասոցիացիայի նախագահ Բերնար Ժանենը: «Ի դեմս ակադեմիայի դուք ձեռք եք բերել նոր բարեկամ, որը հետագայում էլ կարող է օգտակար լինել», — վերջում նկատեց Համլետ Մաթեւոսյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ