Ամերիկյան տրավմայի կանխարգելման «Իմաստալից աշխարհ» ասոցիացիա («Association for Trauma Outreach and Prevention (ATOP) MeaningfulWorld») կազմակերպությունը, որը մասնագիտացած է ինքնասպանությունների կանխարգելման ոլորտում հոգեբանական ծառայությունների մատուցման մեջ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը համագործակցության նամակ է ուղարկել: Հոկտեմբերի 10-ին կազմա­կեր­­պության հիմնադիր, հոգեբանության դոկտոր Անի Քալաջյանը, կազմակերպության անդամներ, դոկտոր Ջասթին Մեդինան եւ Նանար Նակաշյանը, ամերիկյան կազմակերպության Հայաստանի համակարգող հոգեբաններ Կարեն Զարգարյանն ու Լարա Աբրահամյանն այցելել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում էին ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արեւիկ Երիցյանն ու ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը:

Ամերիկահայ հոգեբաններն առաջարկում են Հայաստանում ինքնասպանությունների կանխարգելման նպատակով գործարկել թեժ գիծ հեռախոսահամար, որը կարող է կոչվել օրինակ «Կյանքի գիծ»:

ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժինը գործում է 2014 թվականից: Սկզբնական շրջանում 4 հոգեբանով ձեւավորված բաժինն այժմ ունի 10 աշխատակից, որոնք 24-ժամյա ռեժիմով հոգեբանական խորհրդատվություն են տրամադրում քաղաքացիներին, տարեկան մոտ 500 զանգ են ստանում: Բացի սրանից, մեր հոգեբան-փրկարարները նաեւ հոգեթերապեւտիկ-վերականգնողական աշխատանք են իրականացնում եւ անհրաժեշտության դեպքում օպերատիվ արձագանքում կանչերին՝ մեկնում դեպքի վայր:

Ամերիկահայ հոգեբաններն առաջարկում են վերապատրաստել ՃԿՊԱ ուսանողներին, որոնք կամավորի կարգավիճակով կօգնեն Հայաստանի հոգեբան-փրկարարներին՝ ինքնասպանությունների հետ կապված ահազանգերի սպասարկման հարցում: Վերապատրաստման ծախսերը հոգալու է «Իմաստալից աշխարհ» ասոցիացիան: Ծրագրի նպատակը հոգեպես առողջ քաղաքացիներ ունենալն է, ասացին ամերիկահայ հոգեբանները:

«Իմաստալից աշխարհ» ասոցիացիայի առաջարկը կքննարկվի ԱԻՆ փրկարար ծառայությունում, որից հետո կորոշվի հնարավոր համագործակցության ձեւն ու ծավալը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ