Անցած ամիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառման կարեւորության մասին դասախոսություն կարդաց «Picsart» ընկերությունում թիմի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդգես Բեգոյանը: Այսօր համանման դասընթաց էր կազմակերպվել «Disqo» ընկերության ավագ ծրագրավորող Դավիթ Սիրադեղյանի մասնակցությամբ: Մասնակցում էին «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության երրորդ եւ «Փրկարարական գործ մասնագիտության» չորրորդ կուրսի ուսանողներ:

Տեղեկատվական տեխնոլոգիաները վաղուց կիրառվում են որոնողափրկարարական աշխատանքներում, ՃՊԿԱ գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանը դասավանդում է «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)» առարկան ու ասյօրինակ լրացուցիչ դասընթացները միայն օգուտ կտան:

Դավիթ Սիրադեղյանի զեկույցի թեման էր «Քարտեզների ճշգրտման ապահովումն ու տեղորոշման լավացումը վատ ազդանշանի դեպքում»: Բանախոսը ներկայացնում էր համացանցային քարտեզներից օգտվելու նրբությունները, տեղորոշման սխալի հավանականությունը, սեփական քարտեզներ ունենալու եւ դրանք մշտապես կատարելագործելու առավելությունները եւ այլն: Այսօր GIS քարտեզներ կիրառում են խոշոր  ընկերությունները՝ UBER, YANDEX եւ այլն: Սակայն եթե տաքսի կամ սննդի առաքման ծառայության պարագայում սխալ տեղորոշումը կարող է հանգեցնել ուշացման, հաճախորդի դժգոհության, պատվերների քանակի նվազման, ապա որոնողափրկարարական աշխատանքներում սխալ տեղորոշումը մարդկային կյանք կարժենա: Ուստի ապագա փրկարարների համար կարեւոր է քաջատեղյակ լինել ոլորտից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ