Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» չորրորդ կուրսի ուսանողները «Հրդեհային ավտոմատիկա» եւ «Հակահրդեհային պատրաստություն» առարկաների գործնական պարապմունքի շրջանակներում այցելեցին Մատենադարան:

Այցի կազմակերպիչներ՝ փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանը եւ  փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը նշեցին, որ գործնական պարապմունքի հիմնական նպատակը ուսանողների մասնագիտական գիտելիքների եւ ապագա մասնագիտական արդյունավետ գործունեության համար պահանջվող հիմնական ունակությունների եւ կարողությունների, մասնագիտական անհրաժեշտ գիտելիքների ձեւավորումն ու զարգացումն է:

Գործնական պարապմունքի ժամանակ Մատենադարանի հակահրդեհային անվտանգության պատասխանատու, հրշեջ-հրահանգիչ փ/ծ սերժանտ, ՃԿՊԱ շրջանավարտ Անուշ Գեւորգյանը ներկայացրեց հին եւ նոր մասնաշենքերում տեղադրված հրդեհաշիջման եւ ազդանշանման հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի հնարավորություններն ու դրանց կիրառման արդյունավետությունը՝ նշելով դրանց կարեւորությունն ու գործարկման կարգը: Ուսանողները շրջեցին նաեւ Մատենադարանի տարբեր սրահներով, որտեղ ցուցադրված էին ձեռագիր մատյաններ:

 

Լուսանկարները տրամադրել են կազմակերպիչները