Ռուսական ՌՈՒՍԱԼ ընկերությունը սկսած 2015 թվականից կազմակերպում է «Ռուսալ փառատոն» ցուցահանդես, որի նպատակն է զարգացնել ստեղծագործ մտածողությունը։ Անցած չորս տարում կազմակերպվել է «Ռուսալ փառատոն» 20 ցուցահանդես, որից երկուսը՝ Երեւանում, 2017-ին «Ռուսալ փառատոն․ գիտություն», իսկ ամիսներ առաջ «Ռուսալ փառատոն․ թատրոն»։ Սեպտեմբերի 28-ին Երեւանում անցկացվում էր «Ռուսալ փառատոն» երրորդ՝ «Ռուսալ փառատոն․ գիտություն», երկրորդ ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ «Ռուսալ փառատոն․ գիտություն» ցուցահանդեսի կարգախոսն է՝ «Ապագայի բաղադրիչ»։

ՃԿՊԱ-ն ներկայացել էր տեխնիկական հագեցվածության իր ողջ տեսականիով, փլատակների տակ որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված լսողական եւ տեսողական սարքեր, բետոնե ծանր փլատակներ բարձրացնելու համար ռեզինից բարձիկներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ կտրող հիդրավլիկ մկրատներ եւ այլն։

Հավաքվածների հետաքրքրությունը փրկարարական տեխնիայի հանդեպ մեծ էր։ Հետաքրքիր էր լսել փառատոնի հյուր, Ռուսաստանի ազգային հերոս տիեզերագնաց, գիտնական Սերգեյ Ռյազանսկու ելույթը։ Գիտնականը երկու անգամ (ընդհանուր մեկ տարի) եղել է Միջագային տիեզերակայանում։ Բարդ պայմաններում, նաեւ բաց տիեզերքում, աշխատելուց հետո մեկ բան է հասկացել, ինչը եւ փոխանցեց ներկա աշակերտներին եւ ուսանողներին․ անհնարին ոչինչ չկա, բոլոր սահմաններն ու սահմանափակումները մարդու գլխում են, հաղթահարես ինքդ քեզ, կհաղթահարես ամեն դժվարություն։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ