Սեպտեմբերի 2-ից Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց նոր ուսումնական տարին, ինչը նշանակալի իրադարձություն է հատկապես առաջինկուրսեցիների համար։

ՃԿՊԱ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ 2019-2020 ուսումնական տարում միջին մասնագիտական կրթական ծրագրի երեք մասնագիտության գծով («Հրդեհային պաշտպանություն», «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում») ակադեմիա է ընդունվել 85, իսկ բակալավրի կրթական ծրագրի 5 մասնագիտության գծով («Հրդեհային պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Ճգնաժամային կառավարում», «Քաղաքացիական պաշտպանություն», «Տրանսպորտային եւ հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում»)՝ ավելի քան 210 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով ուսում ստացողներից 44-ը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտ են:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ողջույնի խոսքում շեշտեց, որ միայն բարձր արժանիքների տեր եւ դիմացինին կարեկցելու ընդունակ մարդը կարող է ակադեմիայում սովորել։ Այստեղ պետք է մոռանալ դպրոցական վատ սովորությունները, հարգել փրկարարի համազգեստն ու դասախոսներին։ Ռեկտորը նաեւ հորդորեց ծնողներին չխոչընդոտել ուսումնական գործընթացը եւ իրենց զավակի դաստիարակությունը վստահել մասնագետներին․ «Սա ուժային կառույց է, որն առաջին հերթին լավ քաղաքացիներ է տալիս երկրին։ Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն անպայման աշխատանք կունենան»։

15-ամյա Անի Հակոբյանի երազանքն էր փրկարար դառնալը։ Ծնողները նրա համար «աղջկան վայել» մասնագիտություն էին նախատեսել, սակայն Անին ավելի համառ գտնվեց․ բարձր գնահատականներով ընդունվել է քոլեջի «Հրդեհային պաշտպանություն» բաժինը։

Նույն խմբից Դավիթ Վարդումյանի հայրը ժամանակին լեռնափրկարար է աշխատել, այսօր իր ալպինիստական ընկերությունն ունի։ Որդին հորից շատ գծեր է ժառանգել, առաջին հերթին՝ համարձակությունը․ միասին են տարբեր բարձունքներ հաղթահարում։

«Փրկարարական գործ» բաժնի ուսանողուհիներ Էլենը եւ Քրիստինեն ընկերների խորհրդով են դիմել ակադեմիա, իսկ Լիանայի ընտանիքում արդեն երկու ապագա փրկարար կա՝  ինքն ու ավագ քույրը։ Ուսանողական կյանքից պատանիների սպասելիքները շատ են՝  նոր գիտելիք, հետաքրքիր ժամանց, սիրային արկածներ։

Մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությունը դեռ շարունակվում է: Այս պահին արդեն ընդունվել է ավելի քան 33 հոգի, որոնց մեծ մասը ԱԻՆ համակարգից է, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարարությունից եւ ազգային անվտանգության ծառայությունից։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ