Մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուի խորհրդի նիստ եւ որոշվեց «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն անվանափոխել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդես եւ հրատարակել տարեկան երկու համար՝ նախկին մեկի փոխարեն: Որոշումն ուղարկվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե՝ ԲՈԿ:

ԲՈԿ նախագահի այս տարվա հունիսի 28-ի թիվ 164Ա հրամանով  «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսը ներառվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2019 թվականի ցուցակում:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսի խորհրդում ներկայացված է 19 գիտնական՝ տեխնիկական, մանկավարժական, աշխարհագրական, բժշկական, երկրաբանական, սոցիոլոգիական եւ այլ գիտությունների 12 դոկտոր եւ 7 թեկնածու: Հանդեսի գլխավոր խմբագիրը ՃԿՊԱ ռեկտոր փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է, տեղակալը՝ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը, պատասխանատու քարտուղարը՝ ՃԿՊԱ արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վահագն Կրբեկյանը:

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» պարբերականը լույս է տեսնում 2010 թվականից: Մինչ օրս պարբերականում հրատարակվել է 359 հոդված, որից 230-ը՝ ակադեմիայի մասնագետների հեղինակած:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ ՍՅՈՒԶԱՆՆԱ Խուրշուդյանի