Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ, «Գործընկերների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները հունիսի 27-ին եւ 28-ին «Նախապատրաստվածություն եւ արագ արձագանքում աղետներին» թեմայով վերապատրաստման սեմինար են անցկացնել հոգեւորականների համար: Դասընթացին մասնակցել են հոգեւորականներ Հայաստանի բոլոր մարզերից:

ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ Թերեզա Դիլբարյանը եւ Սիրանուշ Հովհաննիսյանը խոսել են աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման, տուժած բնակչության պաշտպանության, տարհանման մարմինների ստեղծման եւ տարհանման պլանների մշակման գործում հոգեւորականների դերի մասին: Կազմակերպվել է ուսումնական տարհանում:

Դասընթացն անցել է ժամանակակից փոխներգործուն մեթոդներով՝ հարցուպատասխան, գործնական պարապմունքներ, թեմատիկ վերլուծություններ, խաղեր:

Հոգեւորականների համար ճգնաժամային կառավարման թեմաներով վերապատրաստում առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին, հետո՝ 2010-ին: Անցած տարի կազմակերպվել է վերապատրաստման երկու սեմինար. ապրիլին եւ հոկտեմբերին: