Ամփոփվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան:

Առկա ուսուցման բակալավրի չորս մասնագիտության (hրդեհային պաշտպանություն, փրկարարական գործ, ճգնաժամային կառավարում, քաղաքացիական պաշտպանություն) 59 ուսանող եղան ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներում (ճգնաժամային կառավարման ազգհային կենտրոն, օպերատիվ կառավարման վարչություն, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն), Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամում, Կարեն Դեմիճյանի անվան «Երեւանի մետրոպոլիտենում», Հայկական ատոմակայանում, «Զվարթնոց» օդանավակայանում, այլուր: «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ հեռակա համակարգի 5-րդ կուրսի մասնագիտությամբ մանկավարժ 17 ուսանող հնարավորություն ունեցան իրենց գիտելիքը գործնականում կիրառելու: ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով, առաջին փուլում ուսանողները դպրոցներում թեմատիկ դասախոսություններ են կարդացել, երկրորդում՝ մասնակցել դասընթացների, իսկ ավարտին նրանց հանձնարարվել է ուսուցողական նյութեր պատրաստել միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողների համար՝ «Տեղական մակարդակում աղետների ռիսկերի կառավարում․ վտանգների եւ խոցելիության գնահատման գործիքակազմը, դրա կիրառությունը» թեմայով։ Արդյունքները գոհացուցիչ են:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են ուսանողները եւ Արմեն Առաքելյանը