ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի մոտ երկու տասնյակ ուսանող դասախոսների ուղեկցությամբ այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմներին ծաղիկներ խոնարհելու:

Քառօրյա պատերազմի զոհերից մեկն էլ ՃԿՊԱ շրջանավարտ Հրաչյա Մուրադյանն է: «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ ակադեմիան ավարտած Հրաչյան ծառայության էր անցել ՀՀ Զինված ուժերում: Մարտական ընկերներն ու ականատեսները պատմում են, որ Հրաչյան զոհվել է ընկերոջը կրակի գծից հանելու ժամանակ: Սեփական կյանքով կյանք է պարգեւել ընկերոջը: Այլ կերպ չէր կարող: