ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ ջանքերով, 2019 փետրվար-2022 հունվար հատվածում Հայաստանում կիրականացվի «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագիր, որի նպատակն է աղետների վերաբերյալ ճիշտ եւ պատշաճ տեղեկությունների տրամադրումը բնակչությանը: Իսկ սրա համար պետք է զարգացնել եւ ամրապնդել լրատվամիջոցների ճգնաժամային հաղորդակցության կարողությունները:
Ծրագրի առաջին փուլում՝ 2019 փետրվար-2020 հունվար, կմշակվի գործողությունների պլանը, երկրորդ փուլում՝ 2020 փետրվար-2022 հունվար՝ գործողությունների իրականացում: Առաջին փուլում լինելու են նաեւ մասնագետների վերապատրաստման ծրագրեր Հայաստանում եւ Ճապոնիայում եւ սեմինարների շարք Հայաստանում:
Ծրագրի աշխատանքային պլանը կհաստատվի եկող շաբաթ, իսկ մինչ այդ ծրագրի փորձագետներ, հանրային իրազեկման հարցերով խորհրդատուներ, ճապոնական «ՕՅՈ» միջազգային կորպորացիայի ներկայացուցիչներ Քոիչի Շիվակուն եւ Օսամու Նիշիին հանդիպում են շահագիգիռ կառույցների ներկայացուցիչներին: Մարտի 22-ին նրանք ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էին: Փորձագետների խոսքով, այսօր աղետից առաջ եւ աղետից հետո ավելի շատ ոչ պիտանի տեղեկություն է տարածվում, քան՝ պիտանի:
Ակադեմիայի ղեկավարությունը կարեւորում է այս ծրագիրը եւ ճապոնացի փորձագետներին առաջարկեց ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման աշխատանքներում չբավարարվել միայն ավանդական մամուլի հաղորդագրություններով, ասուլիսներով: Աղետների մասին բնակչության իրազեկումը պետք է սկսել կրտսեր տարիքի երեխաներից: Սրա համար ակադեմիան մի շարք գործիքներ է մշակել. մուլտֆիլմեր, խոսող փրկարար-տիկնիկ, փազլներ, համացանցային խաղեր: Մշակման փուլում է բջջային հավելվածը: Աղետների տեսակների եւ դրանց դեպքում ճիշտ գործողությունների մասին «Սուպեր Դավիթ» առցանց խաղը մեկ տարում խաղացել է ավելի քան 300 000 երեխա: Եվ եթե հաշվի առնենք, որ երեխաները սովորաբար խաղի մեջ ծնողներին են օգնության կանչում, կնշանակի խաղը խաղացել է մոտ մեկ միլիոն մարդ՝ Հայաստանի բնակչության 30 տոկոսը: Սա նշանակում է, որ երկու տարում միայն այս խաղով աղետների մասին կիրազեկվի հանրապետության ողջ բնակչությունը:
Ճապոնացի փորձագետներին հետաքրքրեց ակադեմիայի մշակած գործիքակազմը: Ակադեմիայի ղեկավարությունը խոստացավ օգնել ծրագրի իրականացման ողջ ընթացքում:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Լիլիթ ՆԱԶԱՐՅԱՆԻ