ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի այսօր՝ մարտի վեցին, կայացած նիստում որոշվեց ստեղծել ՃԿՊԱ գիտահետազոտական աշխատանքների կենտրոն: Որոշումը կներկայացվի արտակարգ իրավիճակների նախարարի հաստատմանը:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, տեխնոլոգիաների արագ զարգացումը փոփոխություններ է պահանջում ու պիտի կարողանանք դա ապահովել: Սկզբնական շրջանում կենտրոնը կֆինասնավորվի ակադեմիայի սեփական միջոցներից: Հետագայում, երբ ճանաչված կլինի, կարող է հավակնել պատվերների եւ ֆինանսական հոսքերի:

Նոր ստեղծվելիք գիտհետազոտական կենտրոնում կարող են ուսումնասիրվել բազմաթիվ հարցեր՝ ազդարարման, գիշերային լուսավորության, սողանքների քարտեզագրման եւ այլ ոլորտներում անօդաչու թռչող սարքերի կիրառումից մինչեւ աղետների հոգեբանություն, ջրամբարների եւ պոչամբարների անվտանգություն: Կենտրոնի աշխատանքներում կօգտագործվի ՃԿՊԱ բոլոր ամբիոնների գիտական ներուժը:

Ակադեմիայի գիտխորհուրդը որոշեց նաեւ ստեղծել աշխատանքային խմբեր՝ ՃՊԿԱ 2020-2024 հատվածի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման համար:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ