Դեկտեմբերի 25-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնի «911» թատերախմբի փոքրիկ դերասանները Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների համար խաղացին «Աղետիկը» ներկայացումը: Մանկատունն ունի 0-18 տարեկան հատուկ կարիքներով՝ մտավոր եւ ֆիզիկական խանգարումներ ունեցող 103 սան: Ներկայացման պարզ լեզուն մատչելի է բոլորին, փոխօգնության գաղափարն է  սերմանում, սովորեցնում պաշտպանվել եւ պաշտպանել ընկերոջը, ճանաչել աղետների ռիսկերը եւ ճիշտ արձագանքել այս կամ այն պատահարին: Բեմադրության հիմքում ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Աղետիկը» մանկական բանաստեղծություններն են:

Արդեն երեք տարի է, ինչ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողները, ապա նաեւ մշակույթի կենտրոնի սաները տարբեր հաստատություններում եւ կազմակերպություններում «Աղետիկ» ներկայացմամբ՝ «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորման են նպաստում: Այս անգամ «Աղետիկը» նախատոնական էր, սովորեցնում էր ուշադիր եւ զգույշ լինել Ամանորյա տոնածառը զարդարելիս, խմորեղեն թխելիս, տաք կերակուր պատրաստելիս եւ այլն: Նույնն էր «Աղետիկի» պատգամը.

Թող չլինեն արհավիրքներ,

Ու թե եղավ, մի հապաղեք,

911 զանգահարեք,

Կգանք, կօգնենք:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատան տնօրենի պաշտոնակատար Արմինե Պետրոսյանի խոսքով, նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն իրենց սաների համար, քանի որ հաշմանդամություն չունեցող եւ ունեցող երեխաների ինտեգրումը ապացուցում է, որ բոլորը հավասար են եւ հաշմանդամությունը խնդիր չի:

Ուսուցողական միջոցառումներ, հանդեսներ, նաեւ այցեր, մանկատան սաների համար հաճախ են կազմակերպվում ու նման ծրագրերը օգնում են երեխաներին իրենց օտարված ու մեկուսացած չզգալ, լինել մեկը բոլորից:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ներկայացված «Աղետիկից» հետո սաներին ներկայացան ՀՀ ոստիկանության փոքրիկ երգիչներն ու Ձմեռ Պապը: Երեխաները Ամանորյա նվերներ ստացան՝ կոնֆետներ եւ խաղալիքներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

 

«Աղետիկը» արդեն եղել է

 

«Երեխայի զարգացման կենտրոնում»

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում

«Զատիկ» երեխաների աջակցության  կենտրոնում  եւ Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում

«Կրթություն եւ կարիերա» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը

Երեւանի թիվ 15 մանկապարտեզում