Նախորդ շաբաթ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Մյասնիկյանի մանկան զարգացման կենտրոնի սաները իրավիճակային խաղերի, ուսուցողական ֆիլմերի շնորհիվ նոր գիտելիք ձեռք բերեցին հրդեհի եւ երկրաշարժի մասին։ Երկու ավագ խմբերի համար դասընթաց վարեցին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոսներ Սուսան Գեւորգյանը, Անի Գեւորգյանը եւ ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը։

Հիմնադրամի երեխայի եւ ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանի խոսքով՝ 88 սան ունեցող կենտրոնը կարեւորում է վաղ տարիքից աղետների մասին երեխայի իրազեկվածությունը։ Աշխատակիցներն իրենք էին դասընթաց անցկացնելու առաջարկ արել։ Երեխաները լիովին ընկալել էին տեղեկատվությունը, գոհունակություն հայտնել նյութի մատուցման ձևից։ Նմանատիպ դասընթաց-վարժանքները շարունակական են լինելու։ Դեկտեմբերի 17-ին ՃԿՊԱ մասնագետները կայցելեն Լոռու մարզի COAF Smart ուսումնական կենտրոնին կից մանկան զարգացման կենտրոն։

Հիշեցնենք, որ երկրաշարժի եւ հրդեհի թեմայով դասընթացներ են անցկացվել նաեւ Երեւանի «Ինդիգո» զարգացման կենտրոնում եւ «Բյուրակն» կրթահամալիրում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ