Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները վերապատրաստման երկօրյա սեմինար են անցկացնում Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ Հայաստանի եւ Արցախի հոգեւորականների, եկեղեցու թեմերին կից սոցիալական կենտրոնների աշխատակիցների համար՝ ընդհանուր 22 հոգի, որից 12-ը՝ հոգեւորական Հայաստանի բոլոր մարզերից եւ Արցախից:

Նախաձեռնությունը միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամին է: Այս տարի արդեն երկրորդ նման դասընթացն է: Առաջինը կայացել է ապրիլին, նույն լսարանի համար: Հոգեւորականների համար առաջին անգամ ճգնաժամային կառավարման թեմաներով վերապատրաստում կազմակերպվել է 2007 թվականին, հետո՝ 2010-ին:

Հիմնադրամը մարդասիրական կազմակերպություն է եւ աշխատում է եկեղեցու հետ, եկեղեցու միջոցով՝ մարդկանց համար: Վերապատրաստված հոգեւորականն ու սոցիալական աշխատռողը արտակարգ իրավիճակներում գործելու գիտելիքներն ու հմտությունները կփոխանցեն այն մարդկանց ում հետ աշխատում են,  ում հետ մշտական կապի մեջ են:

ՃԿՊԱ դասախոսներ Սիրուշ Հովհաննսյանը, Թերեզա Դիլբարյանը, Արայիկ Գասպարյանը ներկայացրել են մի շարք թեմաներ. «Պաշտամունքային նշանակության օբյեկտների համալիր անվտանգություն», « Պաշտամունքային նշանակության օբյեկտների դիմակայունության բարձրացումը արտակարգ իրավիճակների ժամանակ», «Եկեղեցու սպասավորների եւ այցելուների գործողություններն ու վարքականոնները», «Ռադիոակտիվ ճառագայթները մեր շրջապատում», «Վարակիչ հիվանդությունները մեր շրջապատում», «Սննդային թունավորումներ», «Կարիճների, օձերի, միջատների խայթոցներ եւ դրանց կանխարգելում» եւ այլն: Սեմինարի ընթացքում կազմակերպվում են խմբային աշխատանքներ, հարցաթերթիկով գնահատում:

Եկեղեցիների համաշխարհային Խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամում կուզենային, որ նման վերապատրաստումներ էլի լինեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ