ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այս տարվա ընդունելության ծրագրի համաձայն ակադեմիայի հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագիր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական եւ ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները, հետեւյալ մասնագիտությունների գծով՝
- Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
- Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
- Փրկարարական գործ
- Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
- Կիրառական սեյսմոլոգիա:
Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն) մասնագիտությամբ ուսուցման տեւողությունը 2,5 տարի է: Ակադեմիայում ուսանողներն աղետների հոգեբանություն մասնագիտության ուսուցման ընթացքում կզարգացնեն գիտահոգեբանամանկավարժական հետազոտություններ կատարելու հմտությունները, կհարստացնեն եւ կամրապնդեն մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, որոնք կնպաստեն ինքնուրույն գիտական աշխատանքի կատարմանը եւ հետազոտությունների ու տեսական վերլուծության ունակությունների ձեւավորմանը:
Աղետների հոգեբանությունն ուղղված կլինի տուժած բնակչության, մասնագետների, այդ թվում նաեւ փրկարարների հոգեբանական վերականգնողական, ինչպես նաեւ հրշեջ փրկարարների հոգեբանական կայունության բարձրացման աշխատանքներին:
Հոգեբանական համապատասխան մեթոդների կիրառմամբ կուսումնասիրեն հետազոտվողի հոգեվիճակը (անձի հոգեբանական վիճակի գնահատում), մոտիվացիան (անձի մոտիվացիոն պահանջմունքների ոլորտի գնահատում), բազմագործոն անձնային որակները, անձնային մասնակի հատկանիշները, հոգեկան առողջությունը (անձի հարմարվողական եւ նյարդահոգեբանական առողջության գնահատում), ներընտանեկան հարաբերությունների վիճակը, խմբում միջանձնային հարաբերությունները, որոնք կարեւորվում են արտակարգ իրավիճակներում խմբային աշխատանքների ժամանակ: Հոգեբանական թեստավորման ժամանակ անձի հոգեբանական խնդիրների ախտորոշման արդյունքում ճիշտ եւ արդյունավետ աշխատանք կտարվի անձի հետ, կանխարգելելով եւ ներանձնային, եւ միջանձնային խնդիրներն ու դրանց զարգացումը:
Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն) մասնագիտությամբ շրջանավարտներին կշնորհվի հոգեբանության մագիստրոսի աստիճան:
Ուսման վարձը 320 հազար ՀՀ դրամ է: Հեռակա ուսուցման համակարգում մագիստրոսի կրթական ծրագրի ընդունելության փաստաթղթերն ընդունվում են.հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Ընդունելության համար դիմորդները ներկայացնում են հետեւյալ փաստաթղթերը.
- Ընդունելության դիմում – հայտ,
- Դիմում — հայտում դիմորդը կարող է նշել առավելագույնը 3 մագիստրոսական ծրագիր` ըստ ցանկության եւ մասնակցում մրցույթին,
- Բարձրագույն կրթության դիպլոմի եւ նրա հավելվածի բնագրերն ու պատճենները,
- 4 լուսանկար (3×4 չափսի),
- Անձնագրի պատճեն:
- Սոցիալական քարտի պատճեն,
- Զինվորական գրքույկի բնաօրինակն ու պատճեն (առկայության դեպքում):