2018 թվականի առաջին յոթ օրում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 300 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

2017 թվականի վերջին եւ 2018 թվականի առաջին կանչերը սպասարկել են Տաշիրի փրկարարները:

2017 թվականի դեկտեմբերի 31-ին ժամը 23:54-ին ահազանգ է ստացվել, որ Մեծավան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել թիվ մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 01:28-ին, մարվել՝ ժ.02:30-ին: Այրվել է մոտ 8 տոննա կուտակած անասնակեր:

2018 թվականի հունվարի մեկին ժամը 00:10-ին ահազանգ է ստացվել, որ Կաթնառատ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է 03:23-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է մոտ 7 տոննա կուտակած անասնակեր:

Այս տարվա առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է 50 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր:  Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի րաբկիր, Էրեբունի, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Լոռու փրկարարները:  Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ և այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Տարբեր տարածքներում արգելափակված տասսնյակ մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Պարոնյան փողոցի բակերից մեկում խաղալիք ուղղաթիռը մնացել է ծառի վրա, իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն ուղղաթիռն իջեցրել են ծառից:  Կոտայքի Ծաղկաձոր քաղաքում հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են խաղալիք ինքնաթիռ: Սյունեցի փրկարարները Կապան քաղաքում Ողջի գետից երկու շուն են հանել: