Անցած շաբաթ ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում քննարկվում էր «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացումների չափերն ու ուղղությունները քննարկվեցին նոյեմբերի 3-ին՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Զեկուցողներն էին արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ  Տոնոյանն ու ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ կառավարության՝ 2018-ին արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է լինելու բնական և մարդածին աղետների ռիսկի նվազեցմանը, հնարավոր հետևանքների կանխարգելմանը և վերացմանը՝ հանդիսանալով պետության անվտանգության ապահովման բաղկացուցիչ տարր, նպաստելու է երկրի կայուն զարգացմանը:

2018-ին ոլորտի հիմնական խնդիրներն են՝

  • Փրկարար ծառայությունում փրկարարական համակարգի կատարելագործումը և զարգացումը՝ այն աստիճանաբար համապատասխանեցնելով ընդունված ժամանակակից պահանջներին, զուգահեռաբար պետական փրկարարական կառույցի շուրջ ձևավորելով կամավորական փրկարարական ուժեր:
  • Փրկարար ծառայողների մասնագիտական, արագ արձագանքման փրկարար ուժերի պատրաստականության բարձրացումը և տեխնիկական հագեցվածության ապահովումը, քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի քաղաքացիական պաշտպանության ուժերի ու ստորաբաժանումների խնդիրների առավել արդյունավետ դերաբաշխման և կառավարելիության բարձրացումը, սահմանամերձ բնակավայրերում փրկարարական և արագ արձագանքման այլ ուժերի ստեղծումը և զարգացումը:
  • Սեյսմիկ պաշտպանության ոլորտում սեյսմիկ վտանգի գնահատման հուսալիությունը բարձրացնելու նպատակով սեյսմիկ պաշտպանության ազգային դիտացանցի արդիականացումը և թվայնացումը: Շենքերի, շինությունների նախագծման, բնակավայրերի տարաբնակեցման և զարգացման ծրագրերում դրանց հնարավոր անվտանգ վայրի ընտրության և սեյսմիկ անվտանգության հաշվի առնելը:
  • Հիդրոօդերևութաբանական ստորաբաժանումների, կայանների և դիտակետերի աշխատանքների ավտոմատացումը, թվայնացումը, դիտարկումների ծրագրային համակարգերը միջազգային չափանիշների մակարդակին և ՀՕԿ-ի (Համաշխարհային օդերևութաբանության կազմակերպություն) կողմից ընդունված ստանդարտներին մոտեցնելը, գործող սարքավորումների անխափան շահագործումը, որն իր հերթին հնարավորություն կտա բարելավել հիդրոօդերևութաբանական սպասարկման որակը:

Համակարգը կզարգանա արհեստավարժ ծառայության և միջազգայինհամագործակցության շնորհիվ

  • Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության ռադիոլոկացիոն ցանցի արդիականացումը, հակակարկտային հրթիռային համակարգի ներդրումը՝ կարկտահարություններից գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, այգիների պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
  • Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի առկա հնարավորությունները զարգացնելը՝ դարձնելով այն արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կենտրոն: «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հավատարմագրվել է, ուժային կառույցների բուհերից միակն է, որ հավատարմագրվել է, ինչը նշանակում է, որ էլ ավելի կբարձրանա կրթության մակարդակը, և ակադեմիան կտա որակյալ կադրեր ոչ միայն ԱԻ համակարգի, այլ նաև՝ ուժային այլ կառույցների համար»,- արձանագրեց Դավիթ Տոնոյանը:
  • Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարդուն հրատապ օգնության համապետական համակարգի «911» դիսպետչերական ծառայության զարգացումը` ծառայության մատուցումը հնարավորինս մոտեցնելով միջազգային չափանիշներին: Իրավիճակների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և առաջարկությունների նախապատրաստման համակարգի կատարելագործումը:
  • գՀՀ կառավարության կողմից հաստատված պետական պահուստի համակարգի զարգացման և բարեփոխումների հայեցակարգի դրույթների իրականացումը, նյութական արժեքների կուտակումը, թարմացումը, փոխարինումը և պահպանումը: Այս ոլորտում նոր քաղաքականության մշակումը՝ ընդգրկելով մասնավոր սեկտորի հնարավորություններն ու կարողությունները:
  • Աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների հավաքագրման, վերլուծության, համայնքներում աղետների ռիսկի բացահայտման և գնահատման համակարգի փուլային ներդրումը, սողանքային աղետի կառավարման միասնական համակարգի փորձնական ներդրումը:

Այս նպատակներին հասնելու համար կառավարությունն առաջարկում է 2018 թվականին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը տալ մոտ 11 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը՝ 7,43 մլրդ դրամ, փրկարար ծառայությանը: Նախարարության այլ ստորաբաժանումներին տրամադրվող գումարները.

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՝ 1,07 մլրդ,

Սեյսմիկ պաշտպանության ծառայություն՝ 733 մլն,

Արտակարգ իրավիճակներում բուժօգնության ծառայություններ՝ 18,7 մլն,

Նյութական ռեսուրսների պետական պահուստի ձևավորում՝ 25,963 մլն,

Կադրերի վերապատրաստում՝ 120,581 մլն,

Այլ պետությունների ԲՈՒՀ-եր գործուղված փրկարարների ուսուցում՝ 14 մլն,

Պետական աջակցություն հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին՝ 7,721 մլն,

Տեխնիկական անվտանգության ծառայություններ՝ 38 մլն դրամ:

Թեև տեխնիկական անվտանգության ծառայությունների շուկան ազատականացված է, և գործում են մի շարք ընկերություններ, ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, շարժական լաբորատորիա ունի և կարողանում է ձեռնարկատիրական գործունեությունից տարեկան մոտ 600 մլն դրամ ստանալ:

Ընդհանուր առմամբ, ըստ նախագծի, 2018-ին ԱԻՆ կտրամադրվի 185 մլն դրամով քիչ գումար, քան՝ 2017-ին: Սա խնդիրներ չի հարուցի, համակարգը կզարգանա արհեստավարժ ծառայության և միջազգային համագործակցության շնորհիվ, Ազգային ժողովում հայտարարեց Դավիթ Տոնոյանը: Ըստ նրա՝ համակարգում տնտեսումների և կենտրոնական ապարատում կրճատումների արդյունքում սահմանամերձ 10 համայնքում ձևավորվել և կահավորվել են քաղաքացիական պաշտպանության հենակետեր: Նույն ճանապարհով ևս 12 հենակետ կկառուցվի 2018-ին: Կրճատումները խնդիրներ չեն ստեղծելու, նախարարության գործառույթների վրա բացասական ազդեցություն չեն ունենալու, կարողությունների զարգացման և տեխնիկական արդիականացման ծրագրերը կյանքի կկոչվեն երկկողմ և միջազգային համագործակցության ծրագրերով: «Վստահեցնում եմ, որ հաստատակամ ենք՝ իրականացնելու կառավարության բոլոր ծրագրերը մեզ վստահված ոլորտում: Այս պահի մեր տեխնիկական հագեցվածությունը հաշվի առնելով՝ ասեմ, որ 2018-2019 թվականներին խնդիրներ չեն առաջանալու: Անհանգստանալու առիթ չեմ տեսնում»,- ամփոփեց Դավիթ Տոնոյանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ