Երազանքը Տոկիոյի օլիմպիադայում ոսկին նվաճելն

Ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի մենեջմենթ բաժնի 3-րդ կուրսի ուսանող Էրիկ-Գոռ Համզոյանը, գերծանր քաշային կարգում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, նվաճել է բրոնզե մեդալ: Մրցաշարին մասնակցում էին մարզիկներ 5 երկրներից՝ Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Մրցելույթները մեկնարկել են Երևանի խուլուհամրերի մարզապալատի դահլիճում: Խաղարկվում էր արդեն ավանդական մրցապարգև դարձած «Ձյուդո մարզաձևի Զեյթունի միջազգային գավաթը»: «Առաջին մենամարտս իրանցի մարզիկի հետ էր, որի նկատմամբ տարա հաղթանակ: Երկրորդ մենամարտում հաղթեցի վրացի մրցակցիս: Ցավոք, կիսաեզրափակիչում իմ սխալի պատճառով պարտվեցի մեկ ուրիշ վրացի մարզիկի, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում մյուս իրանցու հետ մենամարտն ավարտեցի նույնպես հաղթանակով»,- պատմում է 17-ամյա ուսանող-մարզիկը:

Իսկ այս տարվա փետրվարին Էրիկ-Գոռ Համզոյանը նվաճել է մինչև 18 տարեկանների Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնի տիտղոսը: Մարզվել սկսել է շուրջ 10 տարի առաջ հոր՝ Անդրանիկի հորդորով ու հոգածությամբ, որը սամբո մարզաձևում հմտացած մարզիկ է, իսկ այժմ ծավալում է մարզչական գործունեություն: Ավագ եղբայրը՝ Սարգիսը, նույնպես մարզիկ է, զբաղվել է սիրողական բռնցքամարտով: Մարզական ընտանիքի ավանդույթը շարունակող պատանի մարզիկը թե ինչո՞ւ է ընտրել հատկապես ձյուդո մարզաձևը, ոչ թե սամբո, հստակ պատասխանում է. «Որովհետև ձյուդոն օլիմպիական մարզաձև է, իսկ առջևում 2020 թվականն է՝ Տոկիոյի օլիմպիական խաղերը: Նպատակս է մասնակցել խաղերին և նվաճել օլիմպիական ոսկի»:

Էրիկ-Գոռի աչքերում այնպիսի փայլ ու վճռականություն կա և ձայնի մեջ այնքան վստահություն, ինչը կասկած չի ներշնչում, որ Տոկիոյում կամ 2024-ին Փարիզում անպայման կանգնելու է պատվո հարթակի առաջին աստիճանին: Հաղթական ճանապարհ ուսանող մարզիկին՝ դեպի օլիմպիական բարձունքներ:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ