Արցախյան պատերազմից մինչև մեր օրեր ձգվող ճանապարհ
Նրա հայրական արմատները Ղարսից են, մայրականը՝ Մուշից, իսկ ինքն արմատներ է գցել Ամասիայում, այդտեղ ընտանիք կազմել, երկու որդիներին մեծացրել: Մեծ որդուն՝ Լևոնին ամուսնացրել է, այժմ հրամանատարը երկու փոքր թոռ ունի՝ Նունեն ու Հովիկը: Ամասիայի թիվ 50 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ գնդապետ Հովիկ Կարապետյանի ընտանեկան կյանքի պատմության սկիզբը դրվել է ուսանողական տարիներին. 1986-1988 թթ. Օրենբուրգում ռազմական ուղղաթիռների ջոկատում ծառայելուց հետո (նա ապահովում էր կապը և թռիչք-վայրէջքների ժամանակ տարածքի լուսավորությունը.- հեղ.) կրտսեր սերժանտը վերադարձել և շարունակել է ուսումը Երևանի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Այդտեղ էլ ծանոթացել և հավանել է արմատներով ղարաբաղցի իր համակուրսեցուն՝ Նունե Երեմյանին: 5-րդ կուրսում, երբ ավարտական կուրսի ուսանողներին հնարավորություն էր ընձեռվում աշխատելու գյուղերում, նրանք որոշեցին ամուսնանալ ու մեկնել Ամասիայի տարածաշրջանի գյուղերից մեկում աշխատելու: Ուսումն ավարտելուց հետո էլ որոշ ժամանակ շարունակեցին ապրել և ռուսաց լեզու դասավանդել գյուղի դպրոցականներին: Շուտով թողեց դպրոց և 1992-ին աշխատանքի անցավ ոստիկանության Ամասիայի բաժնում, որպես հերթապահ մասի տեսուչ, իսկ 1995-ից՝ ներքին գործերի պետական հրդեհային հսկողության տեսչության ավագ տեսուչ:
«1994-ին, Արցախյան գոյամարտի ժամանակ, ոստիկանության զորքերի կազմում մեկնեցի Ֆիզուլի՝ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու: Հակառակորդը մեզանից 50-100 մ հեռավորության վրա էր, դժվար օրեր էին, զինամթերքի խնդիր կար: Խրամատում երկուսով էինք, ձեռքներիս տակ ընդամենը 15-20 փամփուշտով, որը բավական չէր թշնամուն զսպելու համար: Մեր տղաներից մեկը վիրավորվեց, պետք է հասցնեինք դիրքերից 2-3 կմ հեռու սարի հետևում սպասող շտապօգնության մեքենան»,- պատմում է հրամանատարը և մի պահ խոր շունչ քաշելուց հետո շարունակում հիշողության մեջ թանձրացած պատերազմի դրվագները:
«Ցերեկվա ժամը 3-4-ը հազիվ լիներ, հենց հասանք թշնամու դիպուկահարների համար տեսանելի հատված՝ սկսեցին անդադար կրակել ու կրակել, պառկեցինք ցեխերի մեջ ու մի քանի ժամ հետո միայն, երբ մութն ընկել էր ու նրանց ուշադրությունը շեղվել, բարձրացանք ու վազելով անցանք սար, վիրավորին հասցրեցինք շտապօգնության մեքենա ու վերադարձանք: Առաջնագծում եղած ժամանակ հանում էի 2-ամյա որդուս՝ Լևոնի լուսանկարը, ուժ ստանում ու ինքս ինձ շշնջում, որ ամեն գնով տուն պետք է վերադառնամ, ու նորից շարունակում կռիվը: Մինչև օրս պահում եմ այդ լուսանկարը, ճիշտ է՝ մի փոքր ճմրթված, բայց խնամքով պահված»:
Հովիկ Կարապետյանի երկու որդիներն էլ՝ Լևոնն ու Կարապետը, հոր օրինակն աչքի տակ ունենալով, որոշում են կայացրել քայլել նրա ընտրած մասնագիտական ուղիով: Լևոնը գերազանցությամբ է ավարտել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում» բաժինը, այժմ Ամասիայի ՀՓՋ-ում հերթափոխի պետ է, իսկ Կարապետը հեռակա սովորում է ակադեմիայի երրորդ կուրսի «Տրանսպորտի շահագործում և սպասարկում» բաժնում, զուգահեռ աշխատում Աշոցքի ՀՓՋ-ում:
Փ/ծ գնդապետը հպարտանում է գործին նվիրված որդիներով ու իր ջոկատի տղաներով: Ասում է՝ մեկ միասնություն են, իրար ձեռք մեկնող ու անտրտունջ աշխատող: Հիշում է, երբ 2012-ին հիվանդ էր ու տեղափոխվել էր Երևան, վիրահատվելու ու ապաքինման ամբողջ ընթացքում ընտանիքի անդամների, բժիշկների հետ ջոկատայիններն իր կողքին են եղել:
Փրկարար ծառայությունը թողնելու և այլ աշխատանքի անցնելու գրավիչ շատ առաջարկներ է մերժել, թեև ծառայության տարիները հարթ ու հանգիստ չեն անցել, օրերով տնեցիների երեսը չի տեսել: Դժվարությունների բախվել է առաջին իսկ օրերից, երբ անհրաժեշտ պայմաններ չկային ահազանգին օպերատիվ ու արդյունավետ արձագանքելու համար: «Ծառայության անցնելուս առաջին կանչը խոտի դեզի հրդեհ մարելու վերաբերյալ էր: Հրշեջ մասում բավականին խնդիրներ կային, ջուր չկար, ամեն անգամ հրշեջ մեքենան հարևան գյուղերից լիցքավորելու համար 3-4 ժամ էր պահանջվում: Ահազանգը ստանալուց հետո մինչև ջրով լիցքավորեցինք ու տեղ հասանք, խոտն արդեն մոխրի էր վերածվել: 1996-ի մայիսից, երբ ստանձնեցի պետի պաշտոնը, սկսեցինք պայմաններ ստեղծել աշխատելու համար: Այժմ ջուրն արդեն 15 րոպեում ենք լիցքավորում ու ժամանակին տեղ հասնում: Երկրաշարժից հետո ծառայությունը վագոն-տնակներում էինք իրականացնում: Քարե շենք ունեինք, տեղի ուժերով ամրակայման աշխատանքներ իրականացրեցինք, զորանոց դարձրեցինք, կապի կայան, խոհանոց կառուցեցինք: Այժմ ջոկատը տեղակայված է մեկհարկանի այդ կառույցում»,- կատարված փոփոխություններն է ներկայացնում Ամասիայի 28 հոգանոց հրշեջ-փրկարարական ջոկատի երկարամյա հրամանատարը և ընդգծում, որ իրեն այլ ոլորտում չի պատկերացնում, ծառայությանը նվիրված աշխատելը, մարդկանց օգնության հասնելն իր էությունն է:
Ջոկատում կադրերի համալրման խնդիր կա, այժմ 28 անդամներից 2-ը փորձաշրջան են անցնում: Խոշոր հրդեհների կամ պատահարների դեպքում արձակուրդում և հերթապահության մեջ չգտնվող անձնակազմն է հետ կանչվում: Ամասիայի ջոկատն ապահովված է գույքով ու սարքավորումներով, կադրերն էլ ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում են: Ամասիայում հրշեջ-փրկարարների օգնությանն են դիմում հիմնականում հրդեհի մարման, ճանապարհատրանսպորտային պատահարների, իսկ ձմռան ամիսներին՝ ճանապարհների փակման, մեքենաների արգելափակման դեպքերում: Ձմեռն Ամասիայում սովորաբար խստաշունչ է լինում, ձյան շերտն էլ հասնում է 2 մ-ի: Հիշում է, 2014-ի դեկտեմբերին սարսափելի բուք էր, ճանապարհները փակվել էին, ձյան մեջ մեքենաների շարասյուն էր արգելափակվել, «Ուրալ» ամենագնացով մարդկանց տեղափոխելիս, տեղեկանում ենք, որ ջոկատի օղակի հրամանատարներից մեկը շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս արգելափակվել է ձյան մեջ: «Ջոկատով հասանք շտապօգնության մեքենային, մեր աշխատակցին դրեցինք ամենագնացը, որից հետո ահազանգ ստացանք, որ Ամասիայում մահամերձ մի կնոջ հիվանդանոց պետք է հասցնել, նրան էլ վերցրեցինք ու ու երկուսին էլ տեղափոխեցինք Գյումրու հիվանդանոց: Հետդարձի ճանապարհին, ձյան մեջ մեքենա էր կանգնած, շարժիչը միացված էր, բայց արձագանքող չկար: Երբ դռները բացեցինք, վարորդը շմոլ գազից արդեն խեղդվում էր, հանեցինք դուրս, ուշքի բերեցինք ու հասցրեցինք Աշոցքի հիվանդանոց»:
Ծառայության տարիներին տարբեր կանչերի է արձագանքել, բազում լավ ու վատ հիշողություններ ունի, բայց դրանցից մեկն առանձնահատուկ է. «Մի օր ահազանգ ստացանք, որ Աշոցքի ճանապարհին մեքենաներ են խցանվել, այդ թվում նաև Opel մակնիշի մեքենա, ուղևորների մեջ մի կին, 2 աղջիկ և փոքր երեխա կար: Նրանք մրսում էին մեքենայի մեջ, տեղափոխեցինք ջոկատ, տաք թեյ, ուտելիք հյուրասիրեցինք: Զգացի, որ մեզ մոտ աշխատող հորեղբորս թոռը, որն իր համար աղջիկ չէր կարողանում հավանել, անտարբեր չէ աղջիկներից մեկի նկատմամբ: Այդ օրը ճակատագրական եղավ նրանց համար, մի առ ժամանակ շփվելուց հետո ամուսնացան և ընտանիք կազմեցին»:
Հովիկ Կարապետյանը ծառայության տարիներին տարբեր պարգևների է արժանացել, ջոկատի տղաների հետ տարբեր առիթների շնորհակալական խոսքի ու մեծարման արժանացել: 2007-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ԱԻ նախարար Արմեն Երիցյանի կողմից՝ «20 տարի անբասիր ծառայության համար» առաջին աստիճանի հուշամեդալով, «5-րդ բրիգադ» հուշամեդալով, տարբեր պատվոգրերով ու շնորհակալագրերով: