«Պատուհանից կարմիր-կապույտ բոց մտավ տուն, հեռուստացույցը մոտ մեկուկես մետր բարձրացրեց և սենյակի մեջտեղում, ուղիղ մեր ոտքերի տակ, հարվածեց հատակին՝ պայթեցնելով ու փշուր-փշուր անելով: Լավ էր, որ մյուս սենյակների դռները բաց էին, և հարվածի ալիքը տարածվեց տնով մեկ՝ առանց վնասելու մեզ»,- պատմում է Օձուն գյուղի բնակիչ Սամվել Փերիխանյանը, որ կայծակի պահին կնոջ հետ հեռուստացույցով լուրեր էր լսում: Իսկ կայծակը Փերիխանյանի տանը հարվածել էր հուլիսի 15-ի երեկոյան, կոտրելով պատուհանի ապակին՝ մխրճվել հյուրասենյակ և ավերել տան բոլոր էլեկտրականությամբ աշխատող սարքերը, ինչպես նաև գազի հաշվիչը՝ առաջացնելով հրդեհ: Ահազանգին արձագանքելով` Լոռու հրշեջ-փրկարարները մեկ մարտական հաշվարկով մեկնելով դեպքի վայր, անմիջապես մարել են հրդեհը:

Փերիխանյանը նշում է, որ հեռուստացույցից բացի լիովին վնասվել են սառնարանը, լվացքի մեքենան, համակարգիչը և պատերի միջով անցնող հոսանքի լարերն են հալվել: «Կայծակը կոտրեց պատուհանի ապակին, արբանյակային ալեհավաքի լարի միջոցով պայթեցրեց հեռուստացույցը: Այդ ժամանակ դրսի դուռն ու բոլոր պատուհանները փակ էին, մենք չէինք սպասում, որ կայծակ կլինի, որպեսզի հեռուստացույցն ու մյուս սարքերը հոսանքից անջատեինք»,- շարունակում է հիշել Փերիխանյանը և ավելացնում, որ սենյակն անմիջապես մշուշ հիշեցնող ծխով է լցվել, և ինքն ու կինը սարսափած մի կերպ դուրս են թռչել տնից, որպեսզի չխեղդվեն և չեն հիշում, թե ներս ընկած կայծակն ինչ տեսք է ունեցել:

Կայծակը, հավանաբար, գնդաձև է եղել, որ հարվածելով մակերեսին՝ վերածվում է փոքրիկ գնդիկների և այդպես տարածվում: Սակայն ինչպես տանտերը, որ շփոթմունքից չի հիշում մանրամասները, այնպես էլ Օձունի օդերևութաբանական կայանի պետ Արտուշ Տիտանյանը այդ հարցի պատասխանը հստակ չեն կարող տալ. «Երբ ամպը գոռում է, մենք ամպրոպի սկսվելու մասին հաղորդում ենք Երևան, նաև ավարտվելուց հետո ենք հաղորդում: Իսկ ամպրոպի ընթացքում, թե քանի կայծակ է խփում և քանի լուսավորություն է տալիս, մենք դա չենք կարող գրանցել և հետևաբար կայծակի տեսքը չենք կարող իմանալ»:

Կայծակը ոչ միայն ավերել է Փերիխանյանի տան ներսը, նաև գրեթե ամբողջությամբ ջարդուփշուր է արել մոտ 110 քմ տանիքի ազբեստե թիթեղներն ու դրանց մի մասն էլ ներքև շպրտել: Կայծակից տուժած Օձունի բնակիչը թեպետ ասում է, որ տան պատուհաններն ու դուռը փակ են եղել, սակայն անջատված չեն եղել էլեկտրասարքավորումները: Իսկ վարքականոնները պահանջում են հետևյալը. «Կայծակի ժամանակ հարկավոր է հեռու մնալ գետի կամ լճերի ափերից, չի կարելի լողանալ կամ լինել նավակի մեջ: Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ: Տանն եղած ժամանակ անհրաժեշտ է փակել դռները և պատուհանները, անջատել էլեկտրասարքավորումները և չօգտվել ջրի ծորակներից»:

Ֆ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ