Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում հրդեհը բռնկվել էր հուլիսի 13-ին, և կրակը տարածվում էր մոտակա տներ՝ սպառնալով բնակավայրին: Այդ մասին «911» ծառայություն ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 10 հա աղբանոցում այրվում է մոտ 6,5 հա կուտակված աղբ, որից 3,5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված կանխվել է: «Ընդամենը ապակու կտորից կարող է հրդեհ առաջանալ, այսինքն՝ հրդեհի առաջացման պատճառները մի քանիսը կարող են լինել, չի բացառվում բարձր ջերմությունը և այլ նպաստավոր գործոններ: Նման աղբավայրերում հրդեհներ ունեցել ենք, բայց ոչ այս չափերի հասնող, սա աննախադեպ է»,- հրդեհի վայրից պարզաբանում է ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը:
Առաջին օրը հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել է հատուկ տեխնիկա: Սակայն հրդեհաշիջման աշխատանքների համար խնդիր է առաջացրել այն հանգամանքը, որ աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր: Հրշեջ-փրկարարները հրդեհը հիմնավորապես շիջելու նպատակով ծխացող աղբի շերտերը բացել և մարել են օջախները, որպեսզի ներսում կուտակված գազը չբռնկվի:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ հաջորդ օրերին հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվեցին: Արդեն հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին 9 մարտական հաշվարկ, 8 ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Դեպքի վայրում էր գտնվում ՀՀ ԱԻՆ փ/ծ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, մի շարք բարձրաստիճան փրկարարներ, ինչպես նաև Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Պավլիկ Գյոզալյանը:
Հնգօրյա համառ ջանքերից հետո հրդեհը վերջնականապես մարվել է: