«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը հուլիսի 18-ին հայտարարեց Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին, որն անցկացվում է երկրորդ անգամ: Նպատակն է նպաստել հանրային կապերի մասնագետների դերի բարձրացմանը, հասարակության հետ հետադարձ կապի ապահովման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծմանն ու կիրարկմանը: PR մասնագետների հավաստմամբ՝ մրցանակաբաշխությունը նպաստում է մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը, ստեղծագործականությանն ու ինքնատիպ մտածողությաը, ինչպես նաև PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը:
Մասնագիտական հանձնաժողովի անդամներն են Վազրիկ Բազիլը (հաղորդակցության գերմանացի հայտնի մասնագետ, դասախոս, ճառագիր), Հրաչուհի-Մերի Պողոսյանը (Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի պրոֆեսոր), Արամ Աբրահամյանը (արվեստագիտության թեկնածու, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր), Վիկտոր Սողոմոնյանը (քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար), Կարեն Քոչարյանը (P-Art ընկերության տնօրեն, PR տեխնոլոգ), Նաիրա Նազարյանը (Beeline-ի հանրային կապերի ղեկավար) և Աստղիկ Ավետիսյանը (բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ):
Հենց նրանց փորձագիտական ուսումնասիրության արդյունքներով «Տարվա պետական կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել արտակարգ իրավիճակների նախարարությունը: Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի փոխարեն մրցանակը հանձնվեց նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանին: «Մրցանակը և՛ ոգևորող է, և՛ պարտավորեցնող, սա ՀՀ ԱԻՆ-ի մեծ կոլեկտիվի աշխատանքի գնահատականն է՝ փրկարարից մինչև նախարար: Անշուշտ, սա նաև տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատանքի արդյունքն է, սակայն, որքան էլ PR թիմը պրոֆեսիոնալ լինի, լավագույն արդյունքի հնարավոր է հասնել միայն, եթե կառույցն իրականացնում է իր առջև դրված հիմնական խնդիրները: Ուստի այս մրցանակը հատկապես մեր փրկարարների սրտացավ աշխատանքի, «911» ծառայության գործունեության արդյունք է»,- ասել է Դավիթ Կարապետյանը և շնորհակալություն հայտնել գնահատանքի և մասնագիտական դաշտում առողջ մրցակցությանը նպաստող մրցանակաբաշխության համար:
Նշենք նաև, որ «Տարվա ճգնաժամային կառավարում՝ առաջնագծի տեխնիկական հագեցածություն և արդիականացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արցախի պաշտպանության նախարարությունը: