1. Լոգարանի կախովի առաստաղի տակ կանաչավուն օձ կա:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ կանաչավուն օձն իրականում ջահի կանաչ կախիչն է:

  1. Մայրս և երեխաներս մեր ամառանոցում են, օձ է նկատվել, հասեք:

Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտաբերում են ահազանգողի քրոջը և սիրեկանին: Մայրն ու երեխաները ամառանոց չեն եկել:

  1. Մեր հարևան 82-ամյա տատիկը չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզում են, որ տատիկը մի պապիկի հետ է և պարզապես չի ցանկացել բացել դուռը:

  1. Ես ու հայրս վիճում ենք, չե՞ք ասի՝ ինչպես է ավարտվել Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային խաղը:

Փրկարարները պատասխանում են՝  2:1 հօգուտ Հայաստանի:

  1. Մեր բնակարանում օձ կա:

Դեպքի վայր մեկնած փրկարարներն օձ չեն հայտնաբերում և հեռանում են: Քիչ անց նույն մարդուց նոր ահազանգ. մեր բնակարանում մուկ է եղել, որը հիմա չկա, հավանաբար օձը կերել է, ուրեմն օձը մեր տանն է: Եկեք և գտեք:

  1. Բնակարանի դուռը փակվել է:

Դեպքի վայր հասած փրկարարները տեղեկացնում են, որ պետք է էլեկտրական սղոցով կտրեն փականը, քաղաքացին զարմանում է. մեր տան բանալին չունե՞ք:

  1. Ամուսինս ինձ ծեծել է տան բակում ցանած թմրանյութն արմատախիլ անելու համար:

Փրկարարներն ահազանգը փոխանցում են ոստիկանության հերթապահին, որն ասում է. «Ով էլ լիներ, կծեծեր»:

  1. Մեր շենքի մի բնակիչ մեկ օր է՝ չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Փրկարարները բացում են դուռը, հայտնաբերում քաղաքացու դին և հայտնում ոստիկանությանը: «Մահացա՞ծ է, թե ոչ»,- դիակի մասին հարցնում է ոստիկանը:

  1. Երեք օր առաջ ԱԺ ընտրությունների թեմայով վիճել եմ կնոջս հետ, նա գնացել է տնից, ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել: Օգնեք:
  2. Հարևանիս լվացքի մեքենայի ձայնը խանգարում է, եկեք ապամոնտաժեք:
  3. Հիմա ուժեղ քամի է, և մեր պատուհանները կարող են վնասվել: Դադարեցրեք քամին:
  4. Կարո՞ղ եք հստակ ասել՝ եթե աշխարհի վերջն է, Ամանորի սեղան չգցեմ, ծախս չանեմ:
  5. Կարո՞ղ եք ասել՝ դեկտեմբերի 30-ին և 31-ին բանկերն աշխատո՞ւմ են:
  6. Այցելել եմ մի խմբագրություն, աշխատողները, չիմանալով իմ մասին, դուռը փակել են վրաս, կարո՞ղ եք դուռը բացել:

Փրկարարները կապ են հաստատել գրասենյակի ղեկավարի հետ, նա մոտեցել և բացել է դուռը:

  1. Իմ երեխայի դասարանցի այլ երեխայի մայր իմ երեխային ասել է «սև բլոճ»: Կարո՞ղ եմ դիմել ոստիկանություն: