Եթերից էներգիա ստացող «խելահեղ» հանճարը

Ես մի միտք հայտնաբերեցի: Եվ շուտով դուք կկարողանաք ձեր բանաստեղծությունները կարդալ Հոմերոսի համար, իսկ ես իմ բացահայտումները կքննարկեմ Արքիմեդի հետ:

 

Նիկոլա Տեսլայի՝ ընկերոջը գրած նամակից

 

Ասում են՝ Տեսլայի հանճարից օգտվեց հռչակավոր Էդիսոնը: Նաև ասում են, որ ի հակադրումն Տեսլայի գյուտերի՝ ասպարեզ իջեցրեցին Էյնշտեյնին:

Համարվում է, որ մարդկության պատմության ամբողջ ընթացքում երկու անըմբռնելի հանճարներ են եղել՝ Լեոնարդո դա Վինչին և Նիկոլա Տեսլան: Մինչ օրս գիտությունը չի կարողանում բացատրել այս երկու գերհզոր անհատների մտքի թռիչքը:

20-րդ դարի արարիչը. այսպես են կոչել առեղծվածային ֆիզիկոս Նիկոլա Տեսլային ժամանակակիցները: Նրա անվան հետ են կապվում 20-րդ դարի անբացատրելի շատ երևույթներ։ Դեռևս չկա այնպիսի մի գիտնական, որը բացահայտած լինի ավելին, քան Տեսլան: Նա գնահատվել և դափնիների է արժանացել դեռևս կենդանության օրոք: Միավորների միջազգային համակարգում Տեսլայի անունով է կոչվել մագնիսական ինդուկցիայի միավորը:

Տեսլան հանճար էր, որի ֆանտաստիկ գյուտերը հեղաշրջեցին աշխարհը: Ոմանց համար նա հանճար էր, ոմանց համար՝ խելագար. բազմաթիվ շնորհք ու տարօրինակություններով առանձնացող նրան պիտի շնորհակալ լինենք, որ այսօր օգտվում ենք էլեկտրականությունից: Եվ սա միայն մի փոքր մասն է նրա ստեղծածի: Տեսլան հայտնագործել է պտտվող մագնիսական դաշտի երևույթը, որի հիման վրա կառուցել է էլեկտրագեներատորներ:  Զբաղվել է բարձր հաճախությունների ու լարման հոսանքների հետազոտություններով, ուսումնասիրել հեռավորության վրա առանց հաղորդալարերի ազդանշաններ և էներգիա հաղորդելու հնարավորությունը, ստեղծել առանց հաղորդալարի, բարձրհաճախականության հոսանքով աշխատող շարժիչներ ու լամպեր: Նախագծել է ռադիոկառավարվող ինքնագնաց մի շարք մեխանիզմներ, առաջադրել սուզանավերի ռադիոհայտնաբերման սարքի գործողության սկզբունքը: 1899-ին, ռադիոյի գյուտից 4 տարի անց, նրա ղեկավարությամբ Կոլորադոյի նահանգում կառուցվել է 200 կՎտ հզորությամբ ռադիոկայան, իսկ Լոնգ Այլենդում՝ 57,6 մ բարձրության ռադիոալեհավաք: Տեսլան հայտնագործել է էլեկտրական հաշվիչը, հաճախաչափը և այլ սարքեր, Էլեկտրական շարժիչ, ռենտգեն, առաջին ռադիոհաղորդակցությունը և ռադիոհաղորդումները, առաջին պարզ ռոբոտը, անգամ՝ մեկ կիլոգրամ քաշով երկրաշարժ առաջացնող սարքավորում՝ զենք:

Տեսլայի աշխատությունների շնորհիվ ձևավորվեց փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի և բազմաֆազային համակարգերի ու էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը՝ նպաստելով արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլին։

Ռադիոյի հաղթարշավից և Էդիսոնի դեմ «հոսանքների պատերազմից» հետո Տեսլան հռչակվեց որպես լավագույն էլեկտրաճարտարագետ։

Եթերից էներգիա ստանալու նրա հայտնագործությունն այսօր մարդկությանը բոլորովին այլ տեղ կտաներ, եթե միայն գիտնականին այն կիրառելու հնարավորություն տրվեր…

Ազգությամբ սերբ գիտնականի գործունեության աշխարհագրությունը շատ լայն է՝ Ավստրո-Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա և վերջապես՝ ԱՄՆ: Այստեղ էլ իր մաշկի վրա կրել է թե՛ ճանաչման բերկրանքը, թե՛ խարդավանքների կործանարար ազդեցությունը: Որոշ աղբյուրների համաձայն՝ հրաժարվել է կիսել Նոբելյան մրցանակը Թոմաս էդիսոնի հետ, որը ժամանակին իրեն աշխատանքի դիմաց չէր վճարել խոստացած 50 000 դոլարը: Իր էությամբ վեր լինելով նյութական արժեքներից՝ կյանքի վերջին հատվածում անգամ բնակարան չի ունեցել:

Նիկոլա Տեսլային սիրել են գեղեցիկ կանայք, սակայն նա այդպես էլ չի ամուսնացել: Նա կյանքում միայնակ էր, նվիրվել էր միայն գիտությանը: Կյանքի վերջում գյուտարարը չափազանց մեծ համարեց այդ զոհողությունը:

Տեսլային են վերագրվում 300-1000 գյուտեր, որոնց համար նա վարձատրվել է ընդամենը 15 մլն դոլարով:

Տարօրինակ զգացողությունները մանկուց ուղեկցել են նրան: «Փոքր տարիքից իմ գլխում տարօրինակ նկարներ էին»,- գրել է գիտնականը:  Պատանեկան տարիքի հիվանդությունից հետո նրան սկսել են տեսիլքներ երևալ:

«Ուժեղ լուսարձակումները ծածկում էին իրական օբյեկտների պատկերները և հեշտությամբ փոխում էին իմ մտքերը,- գրում էր Նիկոլա Տեսլան իր օրագրում,- այդ իրերի և սցենարների նկարները որոշակի իմաստ ունեին, բայց միշտ ցուցադրվում էին որպես տեսիլք… Որպեսզի ազատվեի տեսիլքներից, թողեցի իրական կյանքը և ուշի-ուշով հետևեցի նրանց»:

Գուցե անիրական տեսիլքներից էին ծնվում նրա անբացատրելի հայտնագործությունները:

1931-ին Տեսլան հասարակությանը ներկայացրեց հանելուկային մի ավտոմեքենա: Սկզբում նա շքեղ լիմուզինից դուրս շպրտեց ներքին այրման շարժիչը, որի փոխարեն տեղադրեց սովորական էլեկտրաշարժիչ: Իսկ հետո Տեսլան բոլորի աչքի առջև մեքենայի թափքի տակ տեղադրեց աննշան մի արկղիկ, որից դուրս ցցված երկու լարերը միացրեց էլեկտրաշարժիչին՝ ասելով. «Այժմ մենք ունենք էներգիա»: Տեսլան նստեց ղեկին և ի զարմանս ներկաների՝ ավտոմեքենան պոկեց տեղից: Ընթացքը մինչև 150 կմ/ժ արագություն էր, լիցքավորման կարիք չուներ: Տեսլային հարցնում էին` «Որտեղի՞ց եք վերցնում էներգիան»: Եվ նա առանց երկմտելու պատասխանում էր. «Եթերից»:

Հետազոտողները պնդում են, թե Տեսլայի՝ եթերից անվճար էներգիա ստանալու գյուտից խուճապի մատնված՝ անհայտ մեծահարուստները Էյնշտեյնին «տեսություն» գրելու պատվեր են տվել: Եթե «գիտականորեն» չկա եթեր, ապա հնարավոր չէ նաև եթերից էներգիա ստանալ: Ըստ նրանց՝ «մեծ պայթյուն» կոչվող երևույթը կամ Ալբերտ Էյնշտեյնի «Հարաբերականության տեսություն» կոչվող մաթեմատիկական հնարքը, ստեղծված հանուն այդ դոգմայի պաշտպանության, մինչ օրս մնում են այսօրվա գիտության զինանոցում, իսկ նոր գաղափար առաջարկողները՝ ենթարկվում հալածանքի:

Վարկած կա, որ ինչ-որ մարդիկ գումարներ չխնայեցին և Էյնշտեյնի աշխատանքները մեծ շուքով գովազդեցին:

Մեծ գիտնականի մահից հետո նրա արխիվում չգտան ո՛չ թղթեր, ո՛չ գրքեր և ո՛չ էլ գծագրեր: Ըստ որոշ աղբյուրների՝ Տեսլայի մահից հետո հյուրանոցի նրա համարում աշխատում էր Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Նիկոլա Տեսլան կարծում էր, որ մարդկությունը պատրաստ չէ իր հայտնագործություններին, համոզված էր, որ շատ տարիներ հետո դրանք կհայտնագործվեն կրկին, երբ մարդկությունը պատրաստ կլինի ընդունելու դրանք:

 

Պատրաստեց

Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆԸ