Վայքի ՀՓՋ-ի հերթափոխի պատասխանատուն

Արտաշես Ավագյանը, երբ ընդունվեց Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատ, հերթափոխի ծառայակիցներից ամենակրտսերն էր ու ամենաքիչ աշխատանքային փորձ ունեցողը: Սակայն սկսնակ փրկարարին երկար ժամանակ չպահանջվեց իր ընտրած մասնագիտության մեջ հաստատվելու և մեծ քայլերով առաջ շարժվելու համար: Գաղտնիքը աշխատասիրության, բարձր պատասխանատվության ու ընտրած մասնագիտությանը նվիրվելու մեջ էր: Հրամանատարության աչքից չէին կարող վրիպել կարևորագույն այս հատկանիշները, և մի քանի տարի անց վերջիններիս առաջարկով Արտաշեսն անցավ Վայքի ՀՓՋ-ի երկրորդ հերթափոխի պետի պատասխանատու գործին: «Առաջին օրվանից առանձնացել է իր կարգապահ բնավորությամբ, աշխատասիրությամբ, մշտապես աչքի ընկել պատրաստակամությամբ: Աշխատանքային փորձին ես միշտ մեծ տեղ եմ տվել, գնահատել երկար տարիների ներդրում ունեցող ծառայողներին, բայց Արտաշեսի մեջ կային ոչ պակաս կարևոր հատկանիշներ, որոնք և հաշվի առնելով նրան վստահեցինք այդ պատասխանատու պաշտոնը: Նա պատվով է կատարում գործը, անձնակազմում բոլորն հարգանքով ու սիրով են վերաբերվում միմյանց»,- ասաց Վայքի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանը:

Իսկ դպրոցական տարիներին թվերի աշխարհով տարված և օրվա մեծ մասը մաթեմատիկա առարկայի վրա ծախսող Արտաշեսի մտքով երբևէ չէր անցել, որ մի օր կքայլի փրկարար ծառայողի համար նախատեսված ճանապարհով: Մոր մասնագիտությունն ընտրելուց հետո նրան այդպես էլ  չհաջողվեց աշխատել որպես տնտեսագետ: Մի  քանի տարի Ռուսաստանում աշխատելուց հետո հասկացավ, որ հայի ընտանիքը պետք է իր արմատներին մնա՝  ինչ գործի անցնի՝ միայն իր  հողում: «Հիմա էլ շատ առաջարկներ կան դրսից, բայց դեպի դուրս չեմ նայում: Չեմ փոշմանել, որ այս մասնագիտությունն եմ ընտրել: Երբ մեկի կյանքը փրկած գալիս ես տուն, քո աչքին այլևս ոչինչ չի երևում: Փրկարար աշխատելու համար մարդ պետք է ի ծնե կարեկից լինի և դիմացինին ձեռք մեկնելու շնորհք ունենա»,- զրուցում է փ/ծ ենթասպան և դեպքերը հերթով անցկացնում աչքի առջևով:

Մինչև փրկարարական ծառայություն տեղափոխվելն էր, Երևան մեկնելիս ճանապարհին մի ընտանիքի մեքենա է վթարվում, նախքան փրկարարների ու շտապօգնության գալը օգնության է հասնում և կողաշրջված մեքենայից դուրս բերում երեխային:

Դժբախտ դեպքերի մասին խոսել չի սիրում, փոխարենը լուռ հոգոց է հանում, հետո անկեղծանում, թե ծառայության սկզբնական ժամանակաշրջանում որքան ծանր օրեր ու անքուն գիշերներ է անցկացրել, տխուր տեսարաններից ազատվել չէր կարողանում: Նրա հետ հավասար սրտնեղվում էին նաև որդին՝ Դավիթը, ու կինը՝ Մարինեն, լարված ու ծանր օրեր անցկացնում: Անկախ ամեն ինչից,

8-ամյա Դավիթն ուզում է նմանվել հորը, դեպքերից հետո հայրիկից ճշտում, թե քանի կյանք է հաջողվել փրկել, հպարտանում նրանով, նույնիսկ հոր համազգեստից է պատվիրել իր համար:  Ազատ ժամանակ Ավագյանների ընտանիքը հողամասում է անցկացնում, կտրվում առօրյայից, բանջարեղեն, այգու ծիրանի, պոպոկի բերքը հավաքում:  Խոստովանում է՝ հողի հետ աշխատանքն օգնում է հանսգտանալ և ազատվել բացասական լիցքերից:

Անթիվ ահազանգերի է արձագանքել, ձմռան օրերին նույնիսկ 10 ժամ շարունակ կռիվ տվել բքի ու սառնամանիքի դեմ «Զանգեր» չհասած՝ ավտոճանապարհին, հրդեհաշիջման տարբեր բարդության աշխատանքներ կատարել, իր հերթափոխի տղաների հետ 4 օր շարունակ երկու տարի առաջ Արցախում հացահատիկի բերքահավաքի ժամանակ մեծամասշտաբ հրդեհի մարմանը մասնակցել: Եղել են դեպքեր, երբ տան՝ հարսանյաց սրահի տանիքն է հրդեհվել, բայց տնեցիները և հարսանքավորները միայն փրկարարների ժամանելուց և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ են գլխի ընկել հրդեհի բռնկման մասին:

Վայքում առավել շատ սպասարկում են ավտովթարների կանչեր, քանի որ ամբողջ մարզում միայն իրենց ՀՓՋ-ն ունի «կունգ»՝ զինված կտրող, ծակող և այլ անհրաժեշտ սարքավորումներով, որով հնարավոր է առավել արդյունավետ աշխատել տեղում:

«Շատ կյանքեր ենք փրկել, բայց չեմ կարող մոռանալ, թե ինչպես ենք պատգարակը գլխներիս 300 մ խոր ձորից վիրավոր հանել, այնտեղ շտապօգնության մեքենան չէր կարողանում հասնել: Երբ հիվանդանոց հասցրեցի, ամբողջ համազգեստս ու կոշիկներս արյունով էին թաթախված: Նրան կարողացանք փրկել, թեև հաշմանդամ մնաց, բայց նույն մեքենայում նաև զոհեր կային»,- զսպելով ցավը՝ պատմում է հերթափոխի պետը:

Արտաշես Ավագյանն ուրախությամբ է փաստում, որ այս տարիներին իր հերթափոխի տղաների մասնագիտական կարողությունները, տեխնիկական հնարավորությունները ավելի են բարելավվել, դեպքերից հետո ժողովներ են անում, քննարկում իրավիճակները: «Զգում ես, ամեն անգամ սովորելու բան ունես, քննարկումների շնորհիվ կարողանում ես հաջորդ անգամ ավելի արյունավետ և  ճիշտ կազմակերպել աշխատանքը»:

Պատվոգրեր, շնորհակալագրեր շատ ունի, բայց մարդկանց շնորհակալական խոսքերն ամենից թանկն են իր համար: Իսկ նման խոսքերի պակաս երբեք չի զգացել, դրանք այս տարիներին մշտապես ոգևորել և ուժ են տվել նվիրված աշխատողին…

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Վայք-Երևան