Քաղաքականությանը քսվելու գայթակղությունն ու վտանգը. ազգ, ժողովուրդ, պետություն, իշխանություն… Իրականում ուրիշ տեղ է թաղված շան գլուխը: Հարցը կարող էր հնչել այսպես. ո՞րն է ելքը:

Չէ՞: Փորձենք գլխի ընկնել:

Եթե Բառն իսկապես հայերեն է, ապա անպայման պարունակում-ցուցանում է Ամբողջ Ճշմարտությունը: Կամ՝ եթե բառն Ամբողջ Ճշմարտությունն է պարունակում-ցուցանում, ապա այդ բառն իսկապես հայերեն է: Նման մի Ճշմարտություն էլ Հայոց Լեզվի մասին վերն ասվածն է, ինչը գաղտնիք չէ իմացող-կամեցողի համար: Այս առումով անչափ հետաքրքրական է ԵԼՔ բառը:

Ելք փնտրել, ելք գտնել, ելք չկա, մուտք ու ելք…

ԵԼՔ-ը հայերենում «զույգ» է կազմում ոչ միայն ՄՈՒՏՔ-ի հետ, այլև (նախևառա՛ջ)` ԷՋՔ-ի:

Քարանձավի պայմանականորեն առաջին դուռը կարող է «մուտք» կոչվել, իսկ երկրորդը, բնականաբար, կարելի է անվանել «ելք», եթե մտածում ենք հարթության մեջ (համեմատեք ձեզ ծանոթ այլ լեզուների հետ): Բայց տարածությունը մեկ հարթություն չէ, և եթե «ելքը» դիտարկենք իբրև ԷՋՔ-ի զույգ, անմիջապես կնկատենք, որ ՄԵԿ ԵԼՔ ԿԱ ընդամենը. բարձրանալը, ելնելը, ԵԼՔ-ը: Իմացողը գիտի, թե ինչ է նշանակում ԲԱՐՁՐԱՆԱԼ, և թե ԴԵՊԻ ՈՒՐ Է ՏԱՆՈՒՄ ԲԱՐՁՐԱՆԱԼԸ:

Այս կերպ մտածելով՝ հեշտությամբ կարելի է գլխի ընկնել նաև, թե հատկապես ի՞նչ Ամբողջ Ճշմարտություն է պարունակում ՄՈՒՏՔ-ը:

Նույնիսկ «ամենաառօրյա իրադրություններում», երբ իբրև թե վերն ասվածի հետքն անգամ չկա, ԵԼՔ-ը, կրկին ու միշտ, մեկն է ու նույնը…

Մյուս կողմից ունենք մարդ արարածի գուցե թե ամենագլխավոր «կարողությունը». մի կողմ թողնել Տրված Ճանապարհը և «ընկնել որոնումների մեջ»:

Կիերկեգորի դիպուկ արտահայտությունը կա. «Մարդուն տրված է մտքի ազատություն, դրանից երբեք չօգտված՝ խոսքի՛ ազատություն է ուզում»: Որ ի՞նչ անի:

Երևի հարցնի՝ ո՞րն է ելքը:

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ