Օրեր առաջ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի Մետրոպոլիտենում անցկացրեց հրշեջ-փրկարարական տակտիկական ուսումնավարժանք, որին հետևում էր նախարար Դավիթ Տոնոյանը: Նման վարժանք մետրոյում անցկացվում էր երկրորդ անգամ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում գիշերը, ժամը 22-ին, աշխատում էին բոլոր արտակարգ ծառայությունները` ամեն հնարավոր և չնախատեսված, մարդկային կյանքին վտանգավոր իրավիճակներին դիմակայելու համար: Կայարանի մուտքի մոտ հատուկ նշանակության տասնյակ ավտոմեքենաների մեծ կուտակում էր: Այստեղ էին ոստիկանությունը, շտապօգնությունը, քաղաքի ջրագազամատակարար, էլցանցի վթարային խմբերը և, իհարկե, մետրոպոլիտենի անվտանգությունն ապահովող աշխատակիցները: Սցենարի համաձայն՝ րոպեներ առաջ մետրոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով հրդեհ է բռնկվել շարժակարգի վագոններից մեկում: Փրկարարներն իրավիճակը գնահատեցին վայրկենական և անցան հետևողական ու հաշվարկված գործողությունների: Կառամատույցում կանգնած երկվագոնավոր Էլեկտրագնացքը հոսանքազրկվեց: Պայթյունից վնասված վագոններում չորս վիրավոր կա: Մետրոն ծխի մեջ է: Պայթյունից օդը լցվել է յուրահատուկ հոտով: Իրավապահները հետազոտում են պայթյունի պատճառը: Փրկարարները հատուկ տեխնիկայով դուրս են բերում տուժածներին, ինչից հետո օգնության են հասնում ԱԻՆ-ի բուժհոգեբանական ծառայության աշխատակիցները: Հոգեբանական օգնությունը կարևոր է, աշխատում են տուժածների, ականատեսների հետ: Հակագազերով առաջին օգնության բուժանձնակազմը անում է ամեն հնարավորը տուժածներին ծխից պաշտպանելու համար: Տրամադրում են շնչադիմակներ և պատգարակներով տեղափոխում դրսում՝ մետրոյի մուտքի մոտ տեղակայված առաջին օգնության վրան: Թեև հայտնի է սցենարը, սակայն փրկարարները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց վարժանքում: Վտանգավոր ինտրիգը սովորեցնում է կողմնորոշվել արտակարգ իրավիճակում, վարժեցնում ստուգել ու ճշտել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործում անձնակազմի գործնական հմտությունները:

Փրկարարները մտան վագոն, նրանցից մեկը փնտրում է հրդեհի օջախը, մյուսները դուրս են բերում տուժածներին: Արդեն փողրակներով դեպի կրակի լեզվակներն է թռչում մետրոյի հիդրանտներից հոսող ջուրը: Մետրոյում են նաև քիմիական և ռադիոմետրիկ լաբորատորիայի մասնագետները:

Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը տեղեկացնում է լրագրողներին. «90 մարդ տարհանվել է: Նրանց կեսը վիրավորներ են: Պայթյունը որոտացել է վագոնում, որից հրդեհ է բռնկվել»:

Տուժածներին նմանակող 90 կամավոր քաղաքացիները փայլում են իրենց դերում:

Փրկարարական գործի համար մետրոն դժվար միջավայր է, բայց փրկարարներն աշխատեցին ճշգրտորեն, տուժածներին հոգածությամբ տեղափոխեցին կայարանի հարևանությամբ տեղադրված փրկարարական վրան՝ առաջին օգնություն ցուցաբերելու:

Ուսումնավարժանքի ավարտին նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին: Նրանց աշխատանքը գնահատեց «բավարար»:

Վարժանքում թերություններ կային, իսկ «լավ» կամ «գերազանց» գնահատականին հասնելու համար մարզումներ նման վարժանքներում դեռ կլինեն: Նախարարը չմոռացավ գնահատել նաև վարժանքին օգնող կամավոր քաղաքացիների լավ աշխատանքը: