1. Ազդարարման ազդանշանները նախատեսված են տվյալ բնակավայրում (տարածքում) արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, հակառակորդի կողմից զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, արտակարգ իրավիճակների հանձնաժողովներին, տարահանման հանձնաժողովներին, քաղաքացիական պաշտպանության ծառայություններին, շտաբներին, կազմավորումներին, ինչպես նաև փրկարար ուժերին ու բնակչությանն ազդարարելու համար:
2. Ազդարարման ազդանշանների տեսակներն են`
1) «Օդային տագնապ».     լսել ազդանշանը
2) «ՈՒշադրություն բոլորին»:    լսել ազդանշանը
3. Ազդարարման ազդանշանները տրվում են կապի և ազդարարման բոլոր միջոցներով` էլեկտրաշչակների և բարձրախոսային (ստացիոնար և շարժական) սարքերով, հեռուստատեսությամբ, ռադիոհեռարձակմամբ, հեռախոսակապով և համացանցային կապով:
4. Ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում`
1) «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
2) «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:
5. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն:
6. «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
2) բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:
7. «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան տեքստային հաղորդագրություն (օրինակ` «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Հայտարարված է քիմիական տագնապ, վտանգ է սպառնում … թաղամասերին, … շենքերին…», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Մանրէաբանական վտանգ է սպառնում հետևյալ տարածքներին…..», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Աղետալի ջրածածկման վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին… տներին, … կազմակերպություններին …», «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Օդային տագնապի ավարտ: Դուրս գալ պաշտպանական կառույցներից … (կամ կատարել … գործողությունները)»):
8. «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում`
1) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է տեքստային հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
2) բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:
1. Ի՞նչ է քաղաքացիական պաշտպանությունը
Քաղաքացիական պաշտպանությունը միջոցառումների համակարգ` ուղղված բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում:

2. Ի՞նչ է քաղաքացիական պաշտպանության պլանը
Քաղաքացիական պաշտպանության պլանը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների խնդիրները, գործողություններն ու դրանց իրականացման կարգը կանոնակարգող փաստաթղթերի փաթեթ է՝ բնակչությանն ու նյութական արժեքները պաշտպանելու համար:

3. Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության ծառայությունները
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններ են:

4. Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության կազմավորումները
Քաղաքացիական պաշտպանության կազմավորումները համայնքներում, կազմակերպություններում ստեղծվող կազմավորումներ են, որոնք հանդերձավորված են փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների համար նախատեսված տեխնիկայով, հանդերձանքով, գույքով, նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար և չեն մտնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կազմի մեջ:

5. Ո՞ր կազմակերպությունների համար են կազմվում քաղաքացիական պաշտպանության պլաններ և պլան-ժամանակացույցեր և երբ են դրանք ճշգրտվում
Քաղաքացիական պաշտպանության պլանը, անկախ կազմակերպական-իրավական ձևից, կազմվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպությունների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների, 100 և ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար: Քաղաքացիական պաշտպանության պլան-ժամանակացույցը կազմվում է մինչև 100 աշխատող ունեցող կազմակերպության համար` անկախ կազմակերպական-իրավական ձևից: Քաղաքացիական պաշտպանության պլանները ճշտվում են յուրաքանչյուր տարի՝ հունվարի 1-ի դրությամբ:

6. Ո՞րն է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման հիմնական նպատակը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման հիմնական նպատակը նրանց վարվելակերպի կանոնների իմացությանն ու իրագործմանն ուղղված նվազագույն գիտելիքները փոխանցելն է:

7. Ովքե՞ր են իրականացնում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման գործընթացը
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման գործընթացը, համաձայն համապատասխան հիմնական միջոցառումների պլանի, իրականացնում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:

8. Որո՞նք են պատրաստման և ուսուցման ձևերը
Պատրաստման և ուսուցման ձևերն են՝
1) համալիր ուսումնավարժություն.
2) հրամանատարաշտաբային ուսումնավարժություն.
3) շտաբային ուսումնավարժություն.
4) հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
5) ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն.
6) օբյեկտային վարժանք.
7) դասախոսություն.
8) սեմինար.
9) ինքնուրույն պարապմունք:

9. Ի՞նչ է նշանակում բնակչության ուսուցումը և ինչպե՞ս է իրականացվում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումը
Բնակչության ուսուցումն արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպա¬նության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բնակչությանն անհրաժեշտ նվազագույն գիտելիքների ու վարվելակերպի կանոնների իմացության և օգտագործման ապահովմանն ուղղված գործընթաց է: Բնակչության ուսուցումն իրականացվում է ուսումնավարժություններում, վարժանքներում և դասախոսություններում նրանց ընդգրկման, ինչպես նաև դիդակտիկ նյութերի, հուշաթերթիկների, հոդվածաշարերի տրամադրման ու հեռուստահաղորդումների հեռարձակման միջոցով:

10. Ի՞նչ է քաղաքացիական պաշտպանության շտաբը
Քաղաքացիական պաշտպանության շտաբը համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության ղեկավարման մարմին է:

11. Որո՞նք են քաղաքացիական պաշտպանության ձևերը
Տարահանումը, պատսպարումը և անհատական պաշտպանական միջոցներով բնակչության ապահովումը:

12. Վերջերս շատ է խոսվում ապաստարանների և թաքստոցների մասին, խնդրում եմ բացատրել դրանց տարբերությունը
Ապաստարանները քաղաքացիական պաշտպանական հատուկ կառույցեր են, որոնք նախատեսված են հակառակորդի զինատեսակների (այդ թվում` միջուկային) բոլոր խոցող գործոններից պաշտպանելու համար: Ապաստարանները կառուցվում են ռազմավարական նշանակություն ունեցող կազմակերպությունների տարածքներում` անձնակազմը պատսպարելու համար:
Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս բնակչության պատսպարումը կազմակերպվում է պարզագույն թաքստոցներում` նկուղային և կիսանկուղային հարկերում, հանքախորշերում, ստորգետնյա անցումներում և այլ խորացված տարածքներում (մետրոպոլիտենի կայարաններում), որտեղ կազմակերպվում են բնակչության կենսապահովման համար նվազագույն պայմաններ: Պարզագույն թաքստոցներն իրենց պաշտպանական հատկանիշներով նվազեցնում են զինատեսակների հարվածային ալիքի և բեկորների ներգործությունները:

13. Լսել ենք քաղաքացիական պաշտպանության ծառայությունների և կազմավորումների մասին, խնդրում ենք տալ դրանց բացատրությունը
Քաղաքացիական պաշտպանության ծառայություններն ստեղծվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև պաշտպանական, տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող, քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից բարձր վտանգավորություն ներկայացնող կազմակերպություններում, որոնք նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով ոլորտային (բժշկական, էներգետիկայի, տրանսպորտային, կոմունալ-տեխնիկական և այլն) խնդիրների լուծման համար:
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունների ընդհանուր խնդիրներն են՝
– քաղաքացիական պաշտպանության միջոցառումների ապահովման պլանավորումը և իրականացումը քաղաքացիական պաշտպանության համակարգի ռազմական դրության ժամանակ գործելու դեպքում.
– քաղաքացիական պաշտպանության ծառայությունների կազմավորումների ստեղծումը, դրանց ապահովումն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով, պատրաստումը և մշտական պատրաստականության վիճակում պահպանումը.

– ստեղծված իրադրության մասին ոլորտային տեղեկատվության ստացման, վերլուծման և գնահատման կազմակերպումն ու քաղաքացիական պաշտպանության համապատասխան պետին փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար:
Խոցման օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար համայնքներում, կազմակերպություններում ստեղծվում են ինժեներական, վթարատեխնիկական, գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության, հետախուզական և քաղաքացիական պաշտպանության այլ կազմավորումներ: Դրանց անհրաժեշտ տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը և հագեցվածության նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը (համայնքների ու կազմակերպությունների ղեկավարները):

Ինչպե՞ս կարելի է ապահովել նոր կառուցվող բնակելի շենքերի սեյսմակայունությունը

-Նախ պետք է մանրամասն ուսումնասիրել կառուցվող շենքի շինհրապարակի ինժեներա-երկրաբանական և սեյսմիկ պայմանները, որոնց հիման վրա և ելնելով սեյսմակայուն շինարարության գործող նորմերից՝ նախագծվում է շենքը: Շենքի նախագիծը պարտադիր պետք է անցնի մասնագիտական փորձաքննություն: Շինարարությունն իրականացնողը և որակի հսկողը պետք է ունենան համապատասխան լիցենզիաներ: Պետք է արգելվի ցանկացած շեղում հաստատված նախագծից: Շենքը շահագործելիս անհրաժեշտ է պահպանել մշակված կանոնները, և այլն: Այս դեպքում շենքի սեյսմակայունությունը կլինի բարձր:

Ի՞նչ պետք է անել ցնցումների ժամանակ, և ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը

-Երբ տեղի են ունենում ցնցումներ և դուք գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից: Իսկ եթե գտնվում եք ավելի բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից և պատուհաններից հեռու:

Կենդանական աշխարհի ներկայացուցիչները զգու՞մ են մոտալուտ երկրաշարժը

-Կենդանական աշխարհի որոշ ներկայացուցիչներ զգում են մոտալուտ երկրաշարժը, հատկապես կատուները, ձկները, շները, առնետները, օձերը և այլն: Սակայն սա զանգվածային բնույթ պիտի կրի, որ համարվի երկրաշարժի նախանշան:

Ուժեղ երկրաշարժից հետո տուն վերադառնա՞մ, թե ոչ

-Ուժեղ երկրաշարժից հետո, երբ դուք գտնվում եք դրսում կամ դուրս եք եկել բնակարանից, պետք չէ անմիջապես վերադառնալ շենք: Անհրաժեշտ է գնալ բաց տարածություն և սպասել պաշտոնական հայտարարությանը:

Հնարավոր է արդյոք կանխատեսել ուժեղ երկրաշարժը

-Հիմնախնդիրը դեռևս լուծված չէ: Այս ուղղությամբ գիտակիրառական աշխատանքներ են տարվում աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում և ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունում: ԱԻՆ-ը մեծ ուշադրություն է դարձնում Ազգային սեյսմիկ բազմապարամետրային մշտադիտարկման դիտացանցի արդիականացմանն ու վերազինմանը: Կան կանխատեսման մի քանի հաջող փորձեր, սակայն չարդարացված կանխատեսումներն ավելի շատ են: Կարելի է ասել, որ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումը դեռևս հավաստի և հուսալի չէ: Սակայն չի բացառվում ակնհայտ նախանշանների հիման վրա արված կարճաժամկետ կանխատեսումը:

Ի՞նչ է ուսումնասիրում օդերևութաբանությունը

Օդերևութաբանությունը գիտություն է, որը զբաղվում է մթնոլորտի կազմության, ինչպես նաև մթնոլորտում տեղի ունեցող երևույթների և պրոցեսների առաջացման և զարգացման օրինաչափությունների ուսումնասիրություններով: Այն է երկրի մակերևույթի և մթնոլորտի կողմից արեգակնային ճագագայթման կլանման, ցրման, անդրադարձման, գետնի մակերևույթի հետ փոխազդեցության և այդ օրենքներով պայմանավորված մթնոլորտի և երկրի մակերևույթի տաքացման և սառեցման երևույթների, գոլորշիացման և ջրային գոլորշիների խտացման, արդյունքում ամպերի, մթնոլորտային տեղումների առաջացման, մթնոլորտի շրջանառության (ցիկլոններ, անտիցիկլոններ, մթնոլորտային ճակատներ և այլն) խնդիրներով, մի խոսքով ասած՝ եղանակի դիտարկման և կանխատեսման հարցերով:

Ի՞նչ է եղանակը և կլիման

Եղանակը մթնոլորտի ֆիզիկական վիճակն է տվյալ վայրում, ժամանակի որոշակի պահին կամ ժամանակամիջոցում: Եղանակը բնութագրվում է՝ ճնշումով, ջերմաստիճանով, ամպամածությամբ, տեղումներով քամու ուղղությամբ և արագությամբ, մթնոլորտային այլ երևույթներով: Կլիման միջինացված եղանակն է տվյալ վայրում: Այն պայմանավորված է՝ արեգակնային ճագայթումով, տեղանքի ռելիեֆով, աշխարհագրական լայնությամբ, բացարձակ բարձրութամբ, ջուր ցամաք հարաբերակցությամբ, օվկիանոսային հոսքերով, բուսածածկով, սառցածածկով, ձյան ծածկով, մարդու գործունեությամբ և այս ամենով պայմանավորված մթնոլորտի շրջանառությամբ:
Ինչպես ասում են եղանակը կլիման է տվյալ պահին, իսկ կլիման բազմամյա եղանակն է:

Ի՞նչ է ցիկլոնն ու անտիցիկլոնը

Ցիկլոնը ցածր ճնշման դաշտ է (կենտրոնում ճնշման ամենացածր արժեքով), որն իրենցից ներկայացնում է օդային հոսանքների շրջապտույտ հյուսիսային կիսագնդում ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Ցիկլոննային դաշտերում դիտվում են ուժեղ քամիներ, տեղումներ, ամպրոպներ: Անտիցիկլնները բարձր ճնշման դաշտերն են(կենտրոնում ճնշման ամենաբարձր արժեքով), որոնցում օդային հոսանքները հյուսիսային կիսագնդում շարժվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ: Անտիցիկլնոնների ժամանակ դիրվում է պարզ երկինք, ամռանը` տաք, ձմռանը` սառնամանիքային եղանակ:

Ինչպե՞ս են առաջանում ամպերը

Ամպերը կազմված են ջրային կաթիլներից, որոնք բարձր մակերևույթներում կուտակվում են երկրի մակերևույթից գոլորշիացման արդյունքում: Բարձր շերտերում ավելի սառն է, քան գետնամերձ շերտում, ուստի վեր բարձրանալով ջրային գոլորշին սառչում է և խտանում՝ առաջացնելով ջրային կաթիլների և սառցե բյուրեղների կուտակումներ՝ ամպեր: Առանձնացնում են ամպերի 3 հիմնական տեսակներ` կույտավոր, փետրավոր և շերտավոր:

Ինչպե՞ս է առաջանում քամին

Քամին օդի հորիզոնական շարժումն է երկրի մակերևույթի նկատմամբ՝ բարձր ճնշման դաշտից տեղափոխվելով ցածր ճնշման դաշտ: Այն բնորոշվում է շարժման արագությամբ ու ուղղությամբ: Որքան մեծ է օդային զանգվածների ջերմաստիճանների տարբերությունը, այնքան ուժգին է քամին: Քամու արագություն ասելով հասկանում ենք միավոր ժամանակի ընթացքում օդային մասնիկների անցած ճանապարհը: Քամու արագությունը չափվում է վայրկյանում անցած մետրերով, մ/վրկ, կամ բալլերով (1 բալը = 2մ/վ): Քամու միջին բազմամյա արագությունը երկրագնդի գետնամերձ շերտում կազմում է 4-9 մ/վ, ըստ բարձրության այդ արագությունը աճում է:

Ի՞նչ է ուսումնասիրում հիդրոլոգիան

Հիդրոլոգիան գիտություն է, որը զբաղվում է ջրի շարժման ու տարածման օրինաչափությունների, ջրային օբյեկտներում տեղի ունեցող երևույթների ուսումնասիրմամբ: Հիդրոլոգիայի ուսումնասիրության առարկան համարվում է հիդրոսֆերայի բոլոր տիպի ջրերը (օվկիանոսներ, ծովեր, լճեր, գետեր, ջրամբարներ, ճահիճներ, հողային և ստորերկրյա ջրեր): Բաժանվում է երեք հիմնական ճյուղերի՝ օվկիանոսագիտություն, ցամաքի ջրաբանություն և հիդրոերկրաբանություն:

Ի՞նչ է հորդացումը

Հորդացումը գետի ջրային ռեժիմի ոչ կանոնավոր փուլ է, կարճ ժամկետում ջրի մակարդակի արագ ու կտրուկ բարձրացում: Բնութագրվում է տարվա ընթացքում գետում ջրի մակարդակի բարձրացմամբ, որն ուղեկցվում է հունից ջրի ողողատ դուրս գալով և առաջացնելով շրջակա տարածքների ողողում: Հորդացման տևողությունը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր: Առանձին դեպքերում հորդացման ջրի ելքը կարող է գերազանցել վարարումների ամենամեծ ելքին:

Ի՞նչ է վարարումը

Վարարումը, գետի ջրային ռեժիմի կանոնավոր փուլ է, բնութագրվում է տարվա ընթացքում ամենամեծ ջրաբերությամբ, ջրի երկարատև բարձր մակարդակով, որը հաճախ ուղեկցվում է հունից ջրի ողողատ դուրս գալով: Դա կրկնվում է տարվա միևնույն սեզոնին՝ տարբեր ուժգնությամբ ու տևողությամբ: Վարարման սկիզբը, վերջը և տևողությունը պայմանավորված են հիդրօդերութաբանական պայմաններով, գետի սնման աղբյուրներով, ինչպես նաև ջրհավաք ավազանի բարձրությամբ և մակերեսով:

Ի՞նչ է սելավը

Սելավը՝ հանկարծահաս, կարճատև, բավականին մեծ արագության, հսկայական քայքայիչ ուժ ունեցող, մեծ քանակությամբ (ծավալի մինչև 50-60%, երբեմն 75%) նյութով հագեցած ջրհեղեղային զանգվածահոսք է, որը կարող է առաջանալ զգալի թեքությունների վրա, լեռնային ոչ մեծ գետերի և ժամանակավոր գործող ջրհոսքերի ավազաններում տեղատարափ անձրևներից, փխրաբեկոր նյութերի կուտակումների առկայության պայմաններում: Երբեմն սելավներ են ձևավորվում ձյան, սառցադաշտի բուռն հալքից, ինչպես նաև ջրամբարների պատվարների ճեղքումից:

Ինչպիսի՞ իրավունքներ ու պարտականություններ ունեն ՀՀ քաղաքացիները հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում

– «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 31–րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն`
ա) պաշտպանել իրենց կյանքը, առողջությունը և գույքը հրդեհներից.
բ) օրենքով սահմանված կարգով ստանալ հրդեհի հետևանքով առողջությանը և գույքին պատճառված վնասի հատուցում կամ ապահովագրական հատուցում.
գ) պետական հրդեհային հսկողության մարմիններից ստանալ անհրաժեշտ բացատրություններ և խորհրդատվություն` հրդեհային անվտանգության վերաբերյալ.
դ) իրենց մասնակցությունը ցուցաբերել հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում, այդ թվում` հրդեհային պահպանության հասարակական միավորումների միջոցով.
ե) աջակցել հրդեհի առաջացման պատճառների բացահայտմանը:
Հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում քաղաքացիները պարտավոր են`
ա) կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները.
բ) հրդեհը հայտնաբերելու դեպքում հայտնել այդ մասին հրդեհային պահպանության մարմիններին և, առանց իրենց համար զգալի վտանգի ու առանց այլ կարևոր պարտականությունների խանգարման, հնարավոր միջոցներ ձեռնարկել մարդկանց, գույքը փրկելու և հրդեհը մարելու համար.
գ) հնարավորություն տալ պետական հրդեհային հսկողության մարմինների պաշտոնատար անձանց, օրենքով սահմանված կարգով, հետազոտելու բնակելի և օժանդակ շինությունները:

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար

-Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու կամ չկատարելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված է պատասխանատվություն, այն է՝
Հիմնարկներում, կազմակերպություններում, կոլտնտեսություններում, հասարակական վայրերում, պահեստային շենքերում, հանրակացարաններում և բնակելի տներում, ինչպես նաև համապատասխան օբյեկտներ նախագծելիս և կառուցելիս հրդեհային անվտանգության կանոնները խախտելը կամ չկատարելը, կամ հակահրդեհային գույքի, սարքավորումների, հրդեհները հայտնաբերելու և հանգցնելու ավտոմատ միջոցների օգտագործման ու պահպանության կանոնները խախտելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկից հիսնապատիկի չափով:
Սույն հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում նշված խախտումները վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պաշտոնատար անձանց կողմից տրված կարգադրագրերում նշված ժամկետում թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները չվերացնելը`
-առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսված արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելու և տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելու համար

-«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն ու տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով (այսինքն` մեկ միլիոն դրամ):

Պարտադիր են արդյոք հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները շինարարություն իրականացնելիս

-«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8–րդ հոդվածի համաձայն հակահրդեհային նորմատիվ փաստաթղթերը (տեխնիկական կանոնակարգերը), ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները պարտադիր են բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման, ինչպես նաև սարքավորումների արտադրության և շահագործման ժամանակ:
Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերը նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների հետ: Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերով չսահմանված` հրդեհային անվտանգության ապահովման առանձին լուծումներ պահանջող հարցերի վերաբերյալ եզրակացություններ է տալիս պետական հրդեհային հսկողություն իրականացնող մարմինը (այն է՝ ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը):

Ի՞նչ է պետական պահուստը

Պետական պահուստ՝ նյութական արժեքների պետական հատուկ նշանակության պահուստն է, որը ներառում է սննդամթերքի, դեղորայքի, բժշկական սանիտարատնտեսական եւ սանիտարատեխնիկական գույքի, շինանյութի, հումքի կարևորագույն տեսակների, էներգակիրների, անհատական պաշտպանության միջոցների և այլ նյութերի ու ապրանքների պաշարներ, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար:

Ի՞նչ ենք հասկանում պետական պահուստի չնվազող պաշար ասելով

Պետական պահուստի չնվազող պաշարը` պետական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալն է:

Ի՞նչ նպատակներով է օգտագործվում պետական պահուստը

– ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
– արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
– հումքային եւ վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի եւ առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում պետական աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
– ցուցաբերել մարդասիրական օգնություն.
– պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա։

Ինչպե՞ս է իրականացվում պետական պահուստի ֆինանսավորումը

Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման եւ զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների հաշվին:

Ո՞րն է պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը

Պետական պահուստի պաշարների ձեւավորումը, պահպանումն ու սպասարկումը ապահովվում է լիազորված մարմնի և պահպանումն ու սպասարկումը իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են պետական պահուստի միասնական հանրապետական համակարգը (պետական պահուստի համակարգ): Պետական պահուստի համակարգի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է: