Փետրվարի 11-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները՝ բուհի պետ, փ/ծ գնդապետ Խաչատուր Խաչատրյանի գլխավորությամբ: Սա ռազմական համալսարանի ներկայացուցիչների արդեն երկրորդ այցն է ՃԿՊԱ: Առաջինը՝ փետրվարի մեկին էր: 

ՃԿՊԱ-ռազմական համալսարան համագործակցության, ակադեմիայի շրջանավարտներով ազգային բանակը համալրելը կարեւորում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

ՃԿՊԱ-ում հյուրերին ներկայացվեցին ակադեմիայի փրկարարական գույքը, տարբեր գերատեսչությունների հետ համագործակցության ու վերապատրաստման ծրագրերը, ակադեմիայի ուսանողների գործնական հմտությունները՝ հրդեշիջման, լեռնափրկարարության, առաջին օգնության եւ մյուս ոլորտներում, անօդաչու սարքերի միջոցով կատարվող փրկարարական եւ հետախուզական աշխատանքները:

Շրջայցին հաջորդեց հանդիպում արտակարգ իրավիճակների առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանի, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի եւ ակադեմիայի ղեկավար կազմի հետ: Քննարկվեցին միջբուհական համագործակցության եզրերը: Խաչատուր Խաչատրյանի առաջարկով՝ ռազմական համալսարանի կուրսանտները կայցելեն ակադեմիա, ցուցադրական վարժանքի միջոցով կծանոթանան փրկարարների աշխատանքին եւ տեխնիկական հագեցվածությանը: Փոխադարձաբար ակադեմիայի ուսանողները հնարավորություն կունենան որպես դիտորդ մասնակցելու ավարտական կուրսի կուրսանտների զորավարժություններին: Որոշվեց եռամսյակը մեկ ռազմական համալսարանում սահմանել «Անվտանգության օր», որի շրջանակում ՃԿՊԱ ներկայացուցիչները տարբեր թեմաներով դասախոսություններ կկարդան:

Համլետ Մաթեւոսյանը խոսեց ակադեմիայի ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքներից, ըստ որի՝ ՃԿՊԱ-ում սովորողների գրեթե 37 տոկոսը համաձայն է սպայի կոչումով ծառայել հայոց բանակում: Երկու բուհերն ունեն առարկայական ընդհանրություններ, եւ որոշակի իրավական հարցերի կարգավորմամբ՝ ՃԿՊԱ ուսանողները կկարողանան ուսումը շարունակել կամ հատուկ ծրագրով վերապատրաստվել ռազմական համալսարանում: Ընդ որում, ինչպես նկատեց ռեկտորը, բուհն ավարտելուց անմիջապես հետո սպայական կոչում ստանալու հեռանկարն ավելի կշահագրգռի նրանց: Խաչատուր Խաչատրյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու բարձր կուրսի ուսանողներին եւ մանրամասն ներկայացնելու բանակի սպայի ծառայողական ուղին: Մեկ այլ կարեւոր առաջարկ եղավ. ռազմական համալսարան կարող են դիմել նաեւ ակադեմիայի մագիստրատուրայի 1-2 դիմորդ, որոնք կմասնագիտանան պլանավորման ուղղությամբ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ