Այսօր՝ փետրվարի մեկին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսումնա-մեթոդական բաժնի ներկայացուցիչները՝ բաժնի պետ, գնդապետ Աշոտ Չոբանյանի գլխավորությամբ:

ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածությանն ու շենքային պայմաններին ծանոթանալուց հետո, հյուրերը ՃԿՊԱ ղեկավարության հետ քննարկեցին ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա-ռազմական համալսարան համագործակցության հնարավորությունը:

Նման համագործակցության ցանկություն եւ մտադրություն ունեն ոչ միայն բուհերի ղեկավարները, այլ՝ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունները: Բուհերի կրթական ծրագրերում բազմաթիվ ընդհանրություններ կան: Մասնավորաբար. երկու բուհում էլ ուսանողներին տալիս են քաղաքացիական պաշտպանության, բնակչության պաշտպանության եւ դրանց առնչվող ոլորտների վերաբերյալ գիտելիքներ:

Քննարկման ժամանակ կողմերը կարեւորեցին ջանքերի մեկտեղումը՝ վասն ցանկալի արդյունքի, որ ունենանք ոչ թե պարզապես շրջանավարտ, այլ՝ պիտանի շրջանավարտ, մասնագետ, որը ունակ է ոչ միայն վտանգից խուսափել, այլ նաեւ՝ վտանգ չստեղծել:

Առաջիկայում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մասնագետները կուսումնասիրեն ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա կրթական ծրագրերը, որից հետո երկու բուհի մասնագետները կմշակեն համատեղ կրթական ծրագիրը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. ՃԿՊԱ-ն պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համար դասընթացներ կազմակերպելու փորձ ունի.

«Լեռնափրկարարական պատրաստություն»

Զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձեւերի մրցում