Դեկտեմբերի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» չորրորդ կուրսի ուսանողները ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դոցենտ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խաչատրյանի եւ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը նախաձեռնությամբ, «Հրդեհային ավտոմատիկա» եւ «Հակահրդեհային պատրաստություն» առարկաների գործնական պարապմունքն անցկացրեցին Մատենադարանում եւ Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մատենադարանի ավագ հրշեջ-հրահանգիչ փ/ծ ավագ սերժանտ Անուշ Գեւորգյանը, Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի ավագ հրշեջ-հրահանգիչ փ/ծ ավագ սերժանտ Օվսաննա Մանուչարյանը եւ  հրշեջ-հրահանգիչ փ/ծ սերժանտ Քնարիկ Օհանյանը ուսանողներին ծանոթացրեցին մշակութային այս օջախներում տեղադրված հակահրդեհային ինքնաշխատ համակարգերի՝ հրդեհաշիջման եւ ազդանշանման ինքնաշխատ կայանքներին, բացատրեցին դրանց կարեւորությունը, աշխատանքի եւ գործարկման կարգը: Ուսանողները շրջեցին Մատենադարանի տարբեր սրահներով, որտեղ ցուցադրված էին ձեռագիր մատյաններ, եղան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարբեր սրահներում եւ տեղեկացան, որ օպերային թատրոնի բեմահարթակն ու հանդիսասրահը իրարից բաժանող մետաղյա վարագույրներից ամենամեծի քաշը 24 տոննա է:

Արտագնա գործնական պարապմունք կազմակերպած դասախոսների խոսքով, հիմնական նպատակը ուսանողների մասնագիտական գիտելիքների եւ ապագա մասնագիտական արդյունավետ գործունեության համար պահանջվող հիմնական ունակությունների եւ կարողությունների ձեւավորումն ու զարգացումն է:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել են դասախոսները