Նոյեմբերի 24-ին, 67 տարեկան հասակում, ավարտվեց պետական եւ ռազմական
գործիչ, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ ղեկավար, գեներալ-մայոր,
Հայաստանի հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար,
արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի
նախկին տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի երկրային կյանքը։

Մասնագիտությամբ ինժեներ-մետալուրգ Աստվածատուր Պետրոսյանը օրհասական
պահին զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը՝ 1991-ից անցավ զինվորական
ծառայության՝ ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ: 1993-
ին արդեն պաշտպանության փոխնախարար էր: 2000-ից տեղափոխվեց արտակարգ
իրավիճակների նախարարության համակարգ ու ծառայեց մոտ 20 տարի:

67 տարվա կյանք, որից 30-ը՝ հայրենիքին նվիրված ծառայություն: Հայրենիքի
զինվորի ապրած կյանք: Ու բնական է, որ Աստվածատուր Պետրոսյանը
պարգեւատրվել է «Մարտական խաչ», «Հայրենիքին մատուցած ծառայությունների
համար» եւ այլ մեդալներով եւ շքանշաններով:

Աստվածատուր Պետրոսյանը բանիմաց, խոհեմ, իր գործը պատվով կատարող էր,
դժվարությունից չվախեցող, չնահանջող, վաստակ ուներ ՊՆ եւ ԱԻՆ շատ
ծրագրերում, աշխատանքներում: ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական
ակադեմիան ցավակցում է Աստվածատուր Պետրոսյանի ընտանիքին եւ
հարազատներին։

Լույս իջնի հոգուդ եւ հանգչիր խաղաղությամբ, վաստակաշատ գեներալ: